Արձանագրում եմ մի բան, որ այս իշխանությունն ի զորու չէ սպասարկելու Հայաստանի շահը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Կապիտուլյացիայից հետո Հայաստանը միայն կորցնում է։
Հայաստանում, իմ խորին համոզմամբ, դասական առումով իշխանություն չկա,եթե իշխանություն ունենայինք՝ պատերազմն անհամեմատ ավելի շուտ կդադարեցվեր,կլուծեին գերիների խնդիրը, չէր կազմվի հունվարի 11-ի արձանագրությունը, թույլ չէին տա, որ Սև լիճ ներխուժեին ադրբեջանցիները, կպաշտպանեին մեր պետական ու ազգային շահը, նախընտրական շրջանում կխոսեին արժանապատիվ խաղաղության հասնելու ռազմավարական-ծրագրային թեզերի մասին, այլ ոչ թե մուրճն աջ ու ձախ կթափահարեին :
Մենք կորցրել ենք մեր ինքնիշխանությունը։ Ցավով եմ ասում, բայց այսօրվա կառավարություն կոչվածն ի զորու չէ ազգային խնդիրները լուծելու եւ ըստ էության ոչինչ չի անում։
Նոյեմբեր 9-ից հետո Հայաստանը միայն կորցնում է։
Եվ կորցնելու է այնքան ժամանակ,քանի դեռ պարտության գլխավոր խորհրդանիշը բազմած է «աթոռին»։
Արձանագրում եմ մի բան, որ այս իշխանությունն ի զորու չէ սպասարկելու Հայաստանի շահը։
Բազմիցս նշել եմ՝ չի կարելի Խորհրդային Ադրբեջանի քարտեզները հիմք ընդունելով՝ իրականացնել սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա, որովհետև այսօրվա Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ, այսօրվա Ադրբեջանը 1918-1920 թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդն է, որը նույնիսկ չի ճանաչվել Ազգերի Լիգայի կողմից։
Այս փաստը մոռացության է տրվել կապիտուլյացիա կնքած ռեժիմի կողմից։
Կամ ի՛նչ դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին է խոսքը, երբ Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկա, այսինքն՝ ո՞րն է մեր շահը, ի՞նչ թուրքն ուզում է՝ մենք անում ենք, բա մեր ազգային շահը ո՞րն է։
Միայն թե չասեք՝ժողովուրդը ձայն է տվել։
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել,որոնք կործանման տարան իրենց պետությունները»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը