07 06 2021

Քարոզարշավի մեկնարկը. Դիմանանք ևս 13 օր․ Լիա Իվանյան․ Panorama.am

Քարոզարշավի մեկնարկը. Դիմանանք ևս 13 օր․ Լիա Իվանյան․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․  Այսօր սկսվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական  քարոզարշավը։ Դրան նախորդող օրերին կուսակցություններն ու դաշինքները    կազմակերպչական աշխատանքներ և հանդիպումներ են  անցկացրել։  

Մարզերում և մայրաքաղաքում «Հայաստան»  դաշինքի իր թիմակիցների հանդիպումների ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց անհաշիվ թվով հարցերի՝ աշխարհաքաղաքականներից մինչև իր անձնական եկամուտներին վերաբերող։ Դատելով հանդիպումից հանդիպում Նախագահի պատասխաններում ավելացող հումորի դոզային և որոշ մանրամասներ բացահայտելու պատրաստակամությանը՝ կարելի է եզրակացնել, որ հանդիպումների ընտրված ձևաչափը  արդյունավետ էր։

Հետաքրքիր է, որքանո՞վ կարողացավ Երկրորդ նախագահը,  պատասխանելով բոլոր հարցերին  հիմնավորված  և  առանց ամբոխահաճո էլեմենտների, կոտրել տասնամյակներով իր անվան շուրջ ուռճացրած  միֆերը։    

Այդ առումով, թերևս կարող ենք մարդկանց բաժանել մի քանի խմբի։

Առաջին խմբում ընդգրկված մարդիկ միշտ են եղել Ռոբերտ Քոչարյանի համակիրները, երբեք չեն մոռացել ԼՂՀ և ՀՀ ղեկավար լինելու տարիների նրա վաստակը, և 2018-ից նրա դեմ սանձազերծված դատական ֆարսի ընթացքում վայրկյան անգամ  չեն լքել նրան։ Ի դեպ, այս խումբը թափով  մեծացավ  ազատազրկման տարիներին Նախագահ Քոչարյանի՝    իր խախտված  իրավունքները վերականգնելու որոշումից  ոչ մի քայլ չնահանջելու արժանապատիվ ու համարձակ կեցվածքից։

Երկրորդ խումբը մարդիկ են, ովքեր ռեալ  գիտակցում են, որ գործող վարչախմբի ապաշնորհության կամ գիտակցված վնասարարության հետևանքով հայտնվել ենք  պետությունը կորցնելու վտանգի առջև, և մի կողմ դնելով անձնական համակրանք-հակակրանքները կանգնում են այն անհատի կողքին, ով երկու անգամ (ԼՂՀ-ում և ՀՀ-ում) ապացուցել է ճգնաժամային արդյունավետ կառավարիչ լինելու իր բնածին շնորքը։  Հարցախույզները վկայում են, որ   այս խումբը գնալով ստվարանում է։
Երրորդ խումբը չկողմնորոշվածներն են, որոնք կամ  դիտարկում են այս ընտրությունները որպես հերթական աթոռակռիվ,   կամ չեն կարողանում դուրս գալ  տարիներով  ներարկած հակաքարոզների ազդեցությունից,  կամ չեն ուզում դեն նետել  բամբասանք-հերյուրանքների ճնշող կաղապարները։ Կարելի մտածել, որ  նրանք անձնական պատասխանատվություն չեն զգում երկրի ճակատագրի համար՝ առաջնորդվելով  «ով էշ, մենք փալան»  սկզբունքով։ Բայց  իրականում բավականաչափ  հայրենասեր,   Ավարայր ու Սարդարապատ գնահատող    այս խմբի պրոբլեմը երևի թե կարելի է բացատրել սեփական «ես»-ը ազգային շահին  չենթարկեցնելու անկարողությամբ։ Հուսանք, որ  մինչև ընտրությունների օրը կկարողանան գիտակցել իրենց քվեի կարևորությունը պետության փրկության հարցում։

Հասանք շատ տխուր խմբին։ Մարդկայնորեն չցանկանալով վիրավորել «զոմբի ու  ժեխ» անվանումը ստացած շերտին, փորձում ես հասկանալ նրանց ասած-արածի մոտիվներն ու տրամաբանությունը։ Անիմաստ է։ Օրինակ,  ենթադրենք Քոչարյանին վերագրվող   4 միլիարդն ու Մարտի 1-ի նրա մեղքը հետևողականորեն սրսկել են տասը տարի, հակառակ կողմից շատ հրապարակային  հերքումներ չեն եղել,  և բնականաբար սրանք էլ հավատացել են։

Բայց ո՞վ կարող է բացատրել, ինչպես կարող է  ինտելեկտի  նույնիսկ ցածր մակարդակ ունեցողը  հավատալ այն հիմարությանը, որ հողերը 20 տարի առաջ հանձնել է Քոչարյանը, բայց ջարդել են «էս խեղճ հարիֆի գլխին»։  Ինչպե՞ս կարող է նորմալ մարդը չտարբերել հողեր գրավելու և հողեր հանձնելու տարբերությունը;  չտարբերել անվտանգ-ապահով կյանքը քո պետության տարածքում  թշնամու ներխուժումներից։ Ինչքա՞ն կարելի կուլ գնալ նույն ստերին, կամ ընդհանրապես  նորից հավատալ երկիրը կործանած մեկին։ Ախր այս հիմարություններին ականջալուր լինելն անգամ     մածունի սև-սպիտակ լինելը քննարկելու ժանրից է։

Եթե միայն մարզերի բնակիչների շրջանում լինեին նմանատիպ մարդիկ, կարելի էր անգամ կարեկցել նրանց այն առումով, որ լիակատար  ինֆորմացիայի  պակաս ունեն, քանի որ հանրապետությունում, բացառությամբ «Երկիր  Մեդիայի», հեռարձակվում են միայն  իշխանական  հեռուստաալիքները։ Մարզերում  լսում են և տեսնում են միայն իշխանությունների հրամցրած իրականությունը, որոնցից հատկապես Հանրայինը բացարձակ չի արտացոլում երկրի իրական վիճակը։

Բայց Երևանում էլ լիքն են  Նիկոլի վկաները, որոնց համար  խոսելու իրավունք ունի միայն Նիկոլը։ Չես հասկանում, ավելի շատ իրե՞նց անձնական ողեբերգությունն է  թե՞ հասարակության, որ այդ մարդկանց ուղեղներն ասես հերմետիկ փակված լինեն այլոց խոսքերի առաջ։ Չե՛ն լսում և վերջ։ Տպավորություն է, որ թույն ու ատելություն են  լցրել   նրանց ուղեղները և զմռսել են։ Նրանք անհույս մորոլորվածներ են, և նրանց  միակ բուժումը հիվանդ  հասարակության առողջացման արդյունքում կլինի։ 

Դրա նախապայմաններից մեկը կարող է լինել առանց թշնամանքի, սադրանքների և բախումների   խաղաղ քարոզարշավի   անցկացումը։ Բայց խիստ կասկածելի է, որ  իշխող ուժը զերծ կմնա դրանցից։ Առաջին օրն իսկ Արմավիրում դաժան ծեծի է ենթարկվել Նիկոլին դավաճան անվանած մի քաղաքացի։  Գոնե այս հանգամանքներում ուժայինների տարածած հանդարտության հորդորները չպետք է ընտրողաբար կիրառվեն։ 

Դիմանանք ևս 13 օր։

 Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ