ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշոնակատար գնդապետ Միքայել Համբարձումյանի հարցազրույցը խախտեց նախընտրական ստանդարտ մթնոլորտը։ Ներկայացվեցին նոր փաստեր, նոր բացահայտումներ։ ԱԱԾ տնօրենի նախկին ժ/պ կողմից արվեցին ձևակերպումներ, որոնց վստահաբար իրավական գնահատականներ պետք է տրվեն։ Սրանք փաստացի մեղադրանքներ են, որ հնչում են վարչապետի հասցեին, որոնց համար նա վստահաբար պատասխան է տալու։ Պատասխան են տալու նաև իրավապահները, ովքեր այս յոթ ամսվա ընթացքում մատը մատին չեն տվել պատերազմի և պարտության և մեր երեխաներին զոհելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Եվ վերջում անխուսափելի մի հարց. Եթե պետական բարձրաստիճան պաշտոնյաները, ԱԱԾ-ը տնօրենի նախկին ժ/պ-ն, Գլխավոր շտաբի պետը, Պաշտպանության նախարարը, Նախագահն ու Վեհափառը տեսնում էին վարչապետի անհավասարակշիռ վարքագիծը, տեսնում էին, որ երկիրը տանում է անվերապահ պարտության, հազարավոր զոհերի, ինչու չէին բռնում այդ խելագար ձեռքը։ Նրանք դա կարող էին անել, մենք՝ ոչ։ Մեզ ռազմական դրության պայամաններում զրկել էին ճշմարտությունն իմանալու հնարավորությունից, մեզ խաբում էին, իսկ դուք գիտեիք դեպի ինչ աղետի է տանում երկիրը վարչպետը։ Ինչու չոլորեցիք ձեռքը և չմեկուսացրեցիք նման խայտառակ որոշումներ կայացելու հնարավորությունից։ Այս հարցերից հնարավոր չի լինելու խուսափել, այս հարցերի պատասխանը մի օր նաև դուք եք տալու։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը