ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը՝ վանաձորցիների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ․
«Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ընտրություններին միասնական դաշինքով մասնակցելու առաջարկը մերժել եմ և դրա մասին հայտարարել եմ հրապարակային։ Մենք պետք է ոչ միայն մտածենք, թե ինչպես հեռացնել այս իշխանությանը։ Իսկ այդ առաջարկի իմաստն այդ էր․ մենք ինքներս չմասնակցենք ընտրություններին, բայց միանանք նրա համար, որ հեռացնենք այս իշխանությանը։ Դա հարցի մի կողմն էր։ Բայց կա նաև հարցի մյուս մասը․ հետո ինչպե՞ս ենք աշխատելու։ Եթե ընտրությունների նպատակը միայն մեկին իշխանությունից հեռացնելն է, չեմ կարծում, որ քաղաքական տեսակետից սա ճիշտ նպատակ է։ Ես պատրաստ չէի միայն այդ նպատակի համար պայքարի մեջ մտնել։ Ինձ համար ակնհայտ էր, որ ընտրություններից հետո այս իշխանություններին հեռացնելու պարագայում, գաղափարական անհաղթահարելի տարբերությունների պատճառով առաջարկված ֆորմատն ուղղակի չէր կարող աշխատել։ «Հայաստան» դաշինքը ձևավորած ուժերը գաղափարապես իրար մոտ են և հետագայում ի վիճակի են միասին արդյունավետ աշխատելու։
Հետագայում, ավելի ուշ, նա ինքը խոստովանեց, որ այդ առաջարկն արել է ոչ միայն այսօրվա ժամանակավոր պաշտոնակատարին հեռացնելու համար, այլ նաև՝ իմ ճանապարհը փակելու։ Կարծում եմ, որ առաջին նախագահի հայտարարությունը բավականին անկեղծ էր։ Միգուցե նրա համար անընդունելի է այն, ինչ այսօր կատարվում է, բայց նաև դժվար ընկալելի է իմ հնարավոր վերադարձը։ Այդ հայտարարության մեջ ես ավելի շատ տեսել եմ քաղաքական որոշակի հնարքի դրսևորում։ Սա նորմալ երևույթ է, ուղղակի ես չեմ տրվել դրա կիրառման հնարավորությանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը