26 05 2021

Անկանխատեսելի 25 օր․ Լիա Իվանյան. Panorama.am

Անկանխատեսելի 25 օր․ Լիա Իվանյան. Panorama.am

Հրապարակախոս Լիա Իվանյանը Panorama.am-ում գրել է․

«Հակասական զգացողություններ են վերջին օրերին։ 

Մի կողմից Գեղարքունիքում և Սյունիքում տեղավորված թշնամու ագրեսիվացումը կասկած չի  թողնում, որ ապահովագրված չենք անկանխատեսելի զարգացումներից և նոր պատերազմի շունչ է զգացվում։ Սահմաններին տիրող անտերությունն ամենուր է, որովհետև իշխանություններին իրենց վերարտադրվելու ցնորական երազանքից բացի ուրիշ ոչինչ չի հետաքրքրում։ 

Թշնամին մեր երկրում զինվոր է սպանում, իսկ ՊՆ-ից ասում են՝ «ամեն ինչ իր հունով է գնում»․․․ Ասեք իմանանք՝  էդ հունը ո՞րն է, ո՞վ է գծել և քանի՞ հոգի են համաձայնվել դրան։ Ինչ-որ շատ նման է 44 օրյա պատերազմի «հաղթելու ենք»-ի նախանշած պարտվողական հունին։

Մեր դիտարկմամբ, անպաշտապան սահմանները, զինաթափված կամավորականները, սահմանախախտներին չվերացնելու կամ չձերբակալելու հրամանը՝  ուղիղ ճանապարհ են դեպի հերթական կապիտուլյացան։ Կամ նոր պատերազմի, նոր տարածքային զիջումների, Հայաստանի  նոր հեղինակազրկման, այսինքն, այն ամենի, ինչի ընդունակ է այս ապաշնորհ ազգադավների իշխանությունը։ Սովորության համաձայն՝ նրանք սեփական պետության դեմ դավեր են նյութում թշնամու հետ, և սպասելի է ամեն կարգի ստորություն։ Տեսել ենք ոչ մեկ անգամ, և անդառնալի կորուստների մտավախություններն անհիմն չեն։

Մյուս կողմից, «Հայաստան» դաշինքի հանդիպումներում Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին լսելուց հետո գոտեպնդվում ես, մի կողմ ես նետում հուսալքությունն  ու վախերդ, և ներքուստ տրամադրվում ես պայքարի։ Տարբեր մարդկանցից եմ լսել, որ նախագահ Քոչարյանի խոսքը պետության կողմից  պաշտպանված լինելու մոռացված  զգոացողություն է արթնացնում։ Առանց բացառության բոլոր ոլորտներին առնչվող հարցերի հստակ պատասխանները և անելիքների իմացությունը հույս են տալիս, որ դուրս կգանք այս ստորացուցիչ վիճակից և ժամանակի հետ ոտքի  կանգնելով՝ դարձյալ զարգացման ուղին կբռնենք։

Հավատ են ներշնչում նախագահ Քոչարյանի խոսքը, կեցվածքը, նյութին խորությամբ տիրապետելու վստահությունը, իր և իր անցած ուղու ռեալ ինքնագնահատականը, թիմային աշխատանքի տրամադրվածությունը, Հայաստանին ու Արցախին կրկին անգամ նվիրաբերվելու պատրաստակամությունը։

Իսկ այս անգամ չգիտես ինչեր կպահանջվեն հայրենիքի փրկության համար, քանի որ իշխանական լծակները  դեռևս ներքին թշնամու ձեռքին են, և ընտրություններում պարտվելու պայմաններում նրանք չեն խորշի շուրջն ամեն ինչ քաոսի վերածելուց։ Այդ առումով ոչ ոք չի բացառում  հետընտրական տարատեսակ զարգացումներ, որոնք կկանխորոշեն մեր երկրի հետագա ընթացքը։  Բայց անկասկած է մի բան՝ նիկոլախտը պետք է վերանա մեր իրականությունից։

25 օր մնաց․․․ Անկանխատեսելի 25 օր»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ