24 10 2024

Արտահերթ ընտրությունները կրկին օրակարգում են․ «Հրապարակ»

Արտահերթ ընտրությունները կրկին օրակարգում են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները կրկին օրակարգ են բարձրացել։ Նիկոլ Փաշինյանի վերջին շաբաթների գործողությունները, մարզային այցերը, իր եւ կնոջ հանրային ակտիվությունը քաղաքական դաշտի մյուս խաղացողների մոտ հիմնավոր կասկածներ են առաջացրել, որ Փաշինյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների է պատրաստվում։ Այդ կասկածներն առավել հիմնավոր են դարձնում Ադրբեջանից վերջին շաբաթներին անդադար հնչող պահանջները՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ։ 

Երեւանն ու Բաքուն վերջին ժամանակներում մի կողմից հայտարարում են, որ խաղաղության պայմանագրի տեքստի 80 տոկոսն արդեն համաձայնեցրել են, մյուս կողմից՝ չեն հստակեցնում, թե հատկապես որ դրույթների շուրջ չի հաջողվում պայմանավորվածությունների հասնել։ 

Դատելով Ադրբեջանի պաշտոնյաների հռետորաբանությունից՝ ներկայիս փուլում այդ երկրի գլխավոր պահանջը ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջն է, որից կհեռացվի Անկախության հռչակագրին կատարվող հղումը։ Չնայած Նիկոլ Փաշինյանի իշխանությունն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, ավելին՝ Փաշինյանն ու իր թիմն ամեն օր իրենց սուրբ պարտքն են համարում ադրբեջանական թեզեր տարածել՝ հայտարարելով, թե Արցախը միշտ է եղել Ադրբեջան, իսկ  Սահմանադրական դատարանն էլ սեպտեմբերի 26-ի իր որոշմամբ փաստացի չեղարկեց մեր պետության հիմնարար փաստաթուղթը, սակայն դա Ադրբեջանին չի բավարարում, նրանք խաղաղության փաստաթուղթ են ցանկանում ստորագրել ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի Հանրապետության հետ, ինչպես հայտարարեցին այդ երկրի պաշտոնյաները։ 

Պաշտոնական Բաքուն մտահոգություններ ունի, որ ՀՀ հաջորդ իշխանությունները կարող են վիճարկել Նիկոլ Փաշինյանի որոշումները, այն հակասահմանադրական ճանաչել, ուստի նախապես փորձում են կանխել նման սցենարը։ Չնայած Նիկոլ Փաշինյանն ու այլ պաշտոնյաներ Սահմանադրությունը փոխելու մասին բազմաթիվ հայտարարություններ, հրապարակային հավաստիացումներ են արել՝ իհարկե, հերքելով, թե դա Ադրբեջանի պահանջն է, Փաշինյանն էլ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին հանձնարարել է մինչեւ 2026-ի դեկտեմբեր ներկայացնել բարեփոխումների հայեցակարգը, սակայն այդ հավաստիացումներն ակնհայտորեն չեն բավարարում Բաքվին, գրեթե ամենօրյա ռեժիմով այնտեղից կրկնում են Սահմանադրությունը փոխելու պահանջը։ Ըստ ամենայնի՝ Փաշինյանն այլեւս դիմադրության ռեսուրս չունի եւ որոշել է ընդառաջել Բաքվի հերթական պահանջին։ 

Բայց մինչ սահմանադրական հանրաքվե անելը, արտահերթ ընտրություններ կանցկացնի, հակառակ դեպքում հանրաքվեն դատապարտված կլինի տապալման: Միայն ընտրություններում իր հաղթանակի շոկի ներքո կարող է նա արագ կյանքի կոչել նաեւ հանրաքվեն՝ այն ներկայացնելով իբրեւ վստահության հանրաքվե: Իսկ ընտրություններում տարած հաղթանակով կփակի բոլորի բերանը, եւ եթե պետք լինի, կկեղծի նաեւ հանրաքվեն։ 

Ըստ գործող Սահմանադրության՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը։ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը մոտ 2,6 մլն էր։ Սա նշանակում է, որ հանրաքվեն կարող է ընդունված համարվել, եթե դրան կողմ քվեարկի 650 000 + 1 քաղաքացի։ Իհարկե, լավագույն լուծումը կլինի, որ համապետական ընտրություններն ու հանրաքվեն նույն օրը նշանակվեն, բայց օրենքն է դա արգելում, ուստի Փաշինյանը որոշել է նախ ամրագրել իր իշխանությունը՝ արտահերթ ընտրությունների միջոցով, ապա անցնել հանրաքվեին։

Նշենք, որ գործող օրենսդրությունը նաեւ արգելում է հերթական ընտրություններից մեկ տարի առաջ արտահերթ ընտրության գնալ, սա նշանակում է, որ եթե իշխանությունն արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրություն ունի, մինչեւ եկող տարվա հունիսի 21-ը պետք է անցկացնի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ