31 03 2021

Անեկդոտ պատմել, երգել կամ պարել, ճաշ եփել. ինչպե՞ս է արտահայտվել Աննա Հակոբյանի բարոյական աջակցությունը․ Yerkir.am

Անեկդոտ պատմել, երգել կամ պարել, ճաշ եփել. ինչպե՞ս է արտահայտվել Աննա Հակոբյանի բարոյական աջակցությունը․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․

«Փաշինյանը նոյեմբերի 27-ի իր տեսաուղերձում, անդրադառնալով պատերազմի ժամանակ Աննա Հակոբյանի հրամանատարական կետում լինելու իրողությանը, հայտնեց, որ Աննա Հակոբյանն իր հանձնարարությամբ է գնացել հրամանատարական կետ՝ բարոյական աջակցություն, զորակցություն ցուցաբերելու։

Վարչապետը կամ գերագույն գլխավոր հրամանատարը ո՞ր իրավական ակտով է իրավասու ռազմական դրության, ընթացող պատերազմի պայմաններում հանձնարարել քաղաքացուն՝ հրամանատարական կետում ցուցաբերել բարոյական աջակցություն:  Ո՞ր իրավական ակտով է նկարագրվում բարոյական աջակցությունը, սահմանվում դրա ձևերը և մեխանիզմները` այս և մի շարք այլ հարցադրումներով նամակ էինք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին՝ խնդրելով ներկայացնել պարզաբանումներ:

Մեկ ամիս և 20 օր անց ստացված պատասխանն առավել քան ուշագրավ էր. գրությամբ բարձրացված հարցերը չեն վերաբերում ՀՀ ՊՆ գործառույթներին: «Ինչ վերաբերում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կետում գտնվելու հարցին, ապա նշված հարցին հրապարակային ելույթի ժամանակ սպառիչ կերպով անդրադարձել է ՀՀ վարչապետը»,- նշված է պատասխանի մեջ:

Հիշեցնենք՝ հարցրել էինք նաև, թե ի՞նչ կարգավիճակ ունի ի պաշտոնե Աննա Հակոբյանը, որը ստացել է հրամանատարական կետում բարոյական աջակցություն ցուցաբերելու հատուկ հանձնարարություն, և ի՞նչ նոր կարգավիճակում է հայտնվել հանձնարարությունն ստանալուց հետո, ո՞ւմ հրամանով է թույլատրվել վարչապետի տիկին Աննա Հակոբյանին՝ գտնվել Արցախի հրամանատարական կետում, քանի՞ օր է մնացել Աննա Հակոբյանը հրամանատարական կետում, կարո՞ղ էին այնտեղ մուտք գործել այլ հայուհիներ ևս, որոնք ցանկանում էին բարոյական աջակցություն ցուցաբերել հրամանատարական կազմին:

Փաստորեն՝ հարամանատարական կետ մարդկանց մուտք ու ելքը, նրանց կարգավիճակը և կատարած այս կամ այն գործողությունները, ըստ Վաղարշակ Հարությունյանի տրամաբանության, չեն առնչվում ՀՀ ՊՆ գործառույթներին: Այդ դեպքում՝ հետաքրքիր է, թե ու՞մ են առնչվում դրանք. Առողջապահության կամ Շրջակա միջավայրի նախարարությունը կարո՞ղ է տեղյակ լինել այդ հարցերից: Միգուցե կառավարությանը ենթակա Միջուկային անվտանգության կարգավորման կամ Վիճակագրական կոմիտեի՞ն դիմենք:

Մեր նամակի մեջ մեջ կար նաև հետևյալ կարևոր հարցը՝ կոնկրետ ինչպե՞ս է արտահայտվել բարոյական աջակցությունը՝ հրամանատարների համար ճաշ եփել, թեյ դնել, ամանները լվանալ, շորերը լվանալ, երգել կամ պարել, անեկդոտ պատմել, թե՞ այլ գործառույթներ (խնդրել էինք նշել դրանք): Դե, քանի որ, ըստ Վաղարշակ Հարությունյանի՝ ՊՆ-ի գործառույթների հետ սա էլ առնչություն չունի, երևի թե այս հարցով էլ առաջիկայում դիմենք կա՛մ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության, կա՛մ  կրթության տեսչական մարմնին:

ՊՆ գլխավոր քարտուղարության զավեշտալի պատասխանի մի քանի տողը ձևակերպվել է մեկ ամիս քսան օրում: Հավանաբար սպասել են, որ այն տնտղի նաև նախարար Վաղարշակ Հարությունյանը: Միայն նա կարող էր հրամանատարական կետում գտնվելու մասին կարևորագույն իրավական հարցերի պատասխանները տեսնել վարչապետի հրապարակային ելույթերում, ավելին, այդ խելացնոր կամ, առավել շատ, կասկածելի հայտարարությունները համարել «սպառիչ անդրադարձներ»:

Վերոնշյալն ամբողջովին ցուցադրում է ՀՀ պաշտպանության նախարարության ողջ մերկությունն ու ցույց տալիս, որ հսկայական այդ հիմնարկը վերածվել է մի վարչապետ-արկածախնդրի աշխատակազմին կից գրասենյակի: Եվ ամենասարսափելին այն է, որ այդ նույն քաոսն առավել մեծ ծավալներով առկա է եղել պատերազմի ճակատագրական օրերին, և ռազմական այս հսկա գերատեսչությունը վերածված է եղել գերագույն գլխավոր ընտանիքի դավադիր քմահաճույքների կատարման և կասկածելի հրահանգավորումների պլացդարմի:

Ահա թե ինչու տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:

Հ.Գ. Մի հարց պարոն Վաղարշակ Հարությունյանին. պարո՛ն նախարար, իսկ, ընդհանրապես, հայրենիքի պաշտպանության խնդիրը ներկայումս ՊՆ գործառույթներին առնչվու՞մ է, թե՞ ոչ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ