12 02 2021

Իշխանությունները հետ կանգնեցին ընտրություններից, որովհետև քաղաքականություն մտավ Քոչարյանը․ քաղտեխնոլոգ․ News.am



News.am-ը գրում է․ Խաղաքարտերը խառնվեց, որովհետեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտավ  խաղի մեջ։ Նա հայտարարեց, որ եթե անգամ վարչապետի օրոք ընտրություններ տեղի ունենան, իրենք մասնակցելու են, ինչը խառնեց վարչապետի տրամադրությունները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Իշխանությունների հայտարարությունը, թե ընդդիմությունը դրական չարձագանքեց ընտրություններ անցկացնելու վերաբերյալ իշխանությունների առաջարկին եւ հանրության լայն շերտերի շրջանում արտահերթ ընտրությունների պահանջ չկա, քաղտեխնոլոգը սուտ է որակում։

«Երբ հայտարարում ես, որ հանրային տրամադրությունները հօգուտ արտահերթ ընտրությունների չեն, առնվազն պետք է ցույց տալ դրա հիմնավորումը։ Արդյոք սոցիոլոգիական հարցո՞ւմ է անցկացվել, ե՞րբ, ո՞ր կազմակերպություններն են արել, ո՞վ է ֆինանսավորել այդ հարցումը, նման հայտարարություն չարվեց, իսկ հասարակության տրամադրությունները միայն սոցիոլոգիական հարցումների միջոցով կարելի է իմանալ, եթե, իհարկե, ընտրություններ չեն։ Եթե սոցիոլոգիական հարցում չի եղել, ապա ինչպե՞ս են հասարակական տրամադրությունները շոշափել, իջե՞լ են  փողոց եւ առաջին հանդիպած 10 մարդուն հարցրե՞լ են, իսկ եթե նրանք դեմ են ընտրություններին, նրանց հաջորդած 100 հոգին կո՞ղմ է ընտրություններին։ Այս հայտարարությունը բացարձակ սուտ է, սուտ է նաեւ այն, որ ընդդիմությունը դրական չի արձագանքել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկին, նրանք պաշտպանում են, ուղղակի նրանց մի մասն ասում է, որ վարչապետի հրաժարականի դեպքում կգնան ընտրությունների։ Ինչո՞ւ իշխանությունները հետ կանգնեցին ընտրություններ անելուց, որովհետեւ քաղաքականություն մտավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»,- ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

 Նա արձանագրում է, որ թեեւ Հայաստանում խորհրդարանական կառավարում է,  եւ թվում է, որ պետք է կուսակցությունները ծանրակշիռ դեր ունենային, բայց դա այդպես չէ։ Ըստ նրա՝ փաստացի նախագահական կառավարման երկրում ենք ապրում, որտեղ քաղաքացիները  գերադասում են անձերին։

«Երբ ասում են՝ Նիկոլ Փաշինյան, նրանք նկատի չունեն քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին, այլ այն կյանքը, որն ասոցացվում է Փաշինյանի հետ, այսինքն՝ այսօրվա իրականությունը։ Մարդիկ կան, որոնք գոհ են, որ նախկինները չկան, ջհանդամ թե Ղարաբաղը չեն տվել, կարեւորն ըստ իրենց,  որը պատերազմ չկա։ Այո, կա այդպիսի ընտրազանգված եւ նրանք քվեարկելու են այն քաղաքական ուժին, որը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը։ Պետական ապարատը չի աշխատում, որովհետեւ երբ վարչապետն ասել է, որ ինքն արտահերթ խորհրդարանական ընտրությունների է գնում, ու անգամ եթե հրաժարվել է, մեկ է՝ գիտեն, որ ընտրություններ լինելու են, եւ սպասողական վիճակ է, իսկ դա երկրի զարգացմանը չի նպաստում, առավել եւս, որ ներդրումներ չկան, իսկ երկրորդ նախագահի ժամանակ շինարարություն, տնտեսական աճ կար, բայց առաջին հերթին  անվտանգ էր, եւ ահա մարդիկ ի հակակշիռ գործող վարչապետի, տեսնում են երկրորդ նախագահին եւ կքվեարկեն այն դաշինքի օգտին, որը կգլխավորի երկրորդ նախագահը, իսկ նրա կերպարը շատ ավելի հզոր է, քան գործող վարչապետինը, եւ շատ մեծ է հավանականությունը, որ նրա կողմից ղեկավարվող քաղաքական ուժը ընտրություններին կարող է ունենալ ավելի շատ ձայն, քան Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող քաղաքական ուժը։ Գործող վարչապետը շատ լավ է հասկանում, որ այդ հավանականությունը կա, իսկ ընտրությունների ժամանակ միշտ եղած ձայները մի քիչ ավելացվում են, որովհետեւ «ռասկրուտկայի» քարոզարաշավ է տեղի ունենում եւ չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանը դժվարությամբ, բայց կարող է մեծամասնություն ունենալ եւ վարչապետ դառնալ, իսկ եթե նա վարչապետ դառնա, Նիկոլ Փաշինյանը բանտ է գնալու՝ կապված Ղարաբաղյան պատերազմում անպատասխան մնացած հարցերի վերաբերյալ»,- նշեց նա։

Քաղտեխնոլոգը ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանը դիմել է փակ սոցիոլոգիական հարցումների եւ ստացված արդյունքներից որոշել է հետ կանգնել ընտրություններ անելու մտադրությունից։

«Եթե ինքն այդ հարցումներով իմանար, որ հաղթելու է, միանաշնակ կասեր, որ ընտրություններ կլինեն, կհաղթեր երկրորդ նախագահին եւ կասեր՝ տեսեք Ռոբերտ Քոչարյանը իրենից ոչինչ չի ներկայացնում եւ իմ քաղաքականությունը ղարաբաղյան հարցում պաշտպանում է հասարակության մեծամասնությունը, բայց ինքը գիտի, որ պարտվելու է, եւ դրա համար էլ հրաժարվեց։ Ի դեպ, դրանով ինքը բարձրացրեց Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը, իսկ իրենը գցեց»,- ասաց Բադալյանը։

Եթե խորհրդարանական ընտրություններ, այնուամենայնիվ, լինեն եւ դրանք անցկացվեն  գարնանը, ապա ըստ քաղտեխնոլոգի՝ գրագետ աշխատանքի արդյունքում Ազգային ժողով կանցնեն Ռոբերտ Քոչարյանին աջակցող դաշինքը, Նիկոլ Փաշինյանին աջակցող քաղաքական ուժը եւ X քաղաքական ուժը, որը ներկայացնում է Հայաստանի արեւմտամետ հատվածը, որը, ըստ Արմեն Բադալյանի, անտեր է մնացել։

«Որովհետեւ 2018թ․-ի դեկտեմբերյան ընտրություններին նրանք քվեարկեցին «Լուսավոր Հայաստանի» օգտին, հույս ունենալով, որ այդ ուժը կամուրջ կլինի Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ու Հայաստան կբերվի արեւմտյան արժեհամակարգը, ինչը «Լուսավոր Հայաստանը» չարեց եւ զրկվեց արեւմտամետ ընտրազանգվածից»,- ասաց նա։

Ընտրությունների դեպքում, ըստ Արմեն Բադալյանի՝ Ռոբերտ Քոչարյանի օգտին կաշխատի նաեւ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիքի» եւ ԲՀԿ-ի ընտրազանգվածը։

«Եթե «Բարգավաճ Հայաստանը» առանձին գնա ընտրությունների, ապա հավանականությունը մեծ է, որ նա  չի մտնի խորհրդարան, որովհետեւ երկրորդ նախագահը «Բարգավաճի» ձայների մեծ մասը իրեն կվերցնի,  պետք է հասկանալ,  որ ոչ թե  «Բարգավաճին» են ձայն տալիս, այլ Գագիկ Ծառուկյանին, իսկ Ռոբերտ Քոչարյանն ընդգրկում է նաեւ Գագիկ Ծառուկյանի ձայները»,- նկատեց նա։

Ռոբերտ Քոչարյանի օգտին, ըստ քաղտեխնոլոգի՝ կարող են  լինել նաեւ այն մարդկանց ձայները, որոնք քաղաքական ուղղվածություն չունեն, բայց գործող վարչապետից դժգոհ են, Ռոբերտ Քոչարյանին չհամակրող քաղաքացիների ձայներն էլ կաշխատեն հօգուտ Նիկոլ Փաշինյանի․ «Բայց այստեղ մի հետաքրքիր բան է տեղի ունենցել։ Ռոբերտ Քոչարյանը մեծ հակավարկանիշ ուներ, բայց այս երկու տարվա ընթացքում դա իջավ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին շատ ավելի քիչ հակաքոչարյանական ձայներ կգնան, քան Ռոբերտ Քոչարյանին հակափաշինյանական ձայներ»։

Կարո՞ղ են արդյոք ընդդիմադիր ուժերը ստիպել իշխանություններին ընտրություններ անցկացնել, հաշվի առնելով նաեւ Հայրենքի փրկության շարժման կազմում վերջին փոփոխությունները, քաղտեխնոլոգը այս հարցում դեռ անորոշություն է նկատում։

Ըստ նրա՝ Հայրենիքի փրկության շարժումը փաստացի չկա, եւ հասկանալի չէ, թե ինչու են վերսկսում փողոցային պայքարը։

«Ի՞նչ է նշանակում այսօրվա հավաքը Ազատության հրապարակում, թե ժողովուրդ եկեք որոշեք անելիքները, ո՞նց են որոշելու։ Հիշեք՝ ժողովուրդը երբ հավաքվում է միտինգի, նա ոչինչ չի որոշում։ Այսօրվա հավաքի իմաստը չեմ հասկանում։ Շատ են ուշադրություն դարձնում նաեւ հանրահավաքի բազմաքանակ լինելուն, դա իհարկե կարեւոր է, բայց պետք չէ գերագնահատել, հանրահավաքները իրենց դերակատարությունն ունեն, եթե դա ճիշտ է օգտագործվում»,- նկատեց նա։

Անդրադառնալով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությանը, որում նա չհերքեց, որ բացի նոյեմբերի 9-ին եւ  հունվարի 11-ին ստորագրված հայտարարությունների, եւս մեկ պայմանավորվածություն կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որը վերաբերում է Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին եւ հարցին, թե ինչո՞ւ է իշխանությունը լռել դրա գոյության մասին, քաղտեխնոլոգն ասաց․ «Նախ պետք է հստակեցնել՝ արդյո՞ք պայմանավորվածությունը մեկն է, թե մի քանիսը, ուղղակի մեկի մասին հայտարարեցին, որովհետեւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դրա մասին բարձրաձայնել էր։ Գուցե էլի հուշագրեր կան։ Եթե հիշում եք՝ ժամանակին գործող վարչապետը հայտարարում էր, որ ինքը  ժողովրդից գաղտնիք չունի, ինչ-որ կա պետք է անգամ գա Հանրապետության հրապարակ եւ ժողովրդին տեղեկացնի, բայց  ինչպես տեսանք, վարչապետի ողջ կառավարման ընթացքում իր հայտարարություններից եւ ոչ մեկը իրականությանը չէր համապատասխանում։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է լռել, որովհետեւ իրեն թվում էր, որ դա գաղտնի պահելով իր վարկանիշը չի ընկնի, առանց այդ էլ իր նկատմամբ դժգոհություն կա, որոշ դեպքերում՝ անգամ ատելություն»։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոյեմբերի 9-ից բացի ստորագրված այլ փաստաթուղթ էլ կա։ Տիգրան Ավինյանը խորհրդարանում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան ԼՀԿ-ական պատգամավորի հարցի, թե արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը բացառությամբ նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարությունների, ունի՞ որեւիցե ստորագրած փաստաթուղթ, ասել էր․

«Բացի այդ հայտարարություններից, որոնք արվել են, կա եւս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող ճանապարհահատվածին Դավիթ Բեկ-Գորիս հատվածում ընդհանուր օգտագործման, քանի որ այնտեղ ճանապարհն անցնում էր էր վիճարկելի հատվածներով։ Դա միակ պայմանավորվածությունն է ինձ հայտնի»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ