ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ղարաբաղի շուրջ իրավիճակը, հայտնում է ТАСС-ը՝ Կրեմլի կայքին հղումով: Կողմերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հետագա համագործակցության փոխադարձ պատրաստակամություն են հայտնել:
«Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների դադարեցման նպատակով ձեռնարկված միջնորդական ջանքերի, ինչպես նաև շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով Երևանի և Բաքվի խնդրանքով տեղակայված ռուս խաղաղապահների գործունեության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կողմերը շեշտել են մարտական գործողություններից տուժած բնակչության կենսական խնդիրների լուծման կարևորությունը։ Այդ կապակցությամբ ընդգծվել է Ռուսաստանի կողմից ստեղծված հումանիտար արձագանքման կենտրոնի աշխատանքներին միջազգային մասնագիտացված կառույցների միանալու անհրաժեշտությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը