11 11 2024

Թրամփը պատրաստվում է հնարավորինս շուտ վերջ դնել Մոսկվա-Կիև ռազմական հակամարտությանը

Թրամփը պատրաստվում է հնարավորինս շուտ վերջ դնել Մոսկվա-Կիև ռազմական հակամարտությանը

Դոնալդ Թրամփը նախատեսում է Ռուսաստանին եւ Ուկրաինային «նստեցնել» բանակցությունների սեղանի շուրջ ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնելու հենց առաջին օրը:  ասել է նորընտիր նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։

Նրա խոսքով՝ նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Թրամփը հնարավորություն է ստացել քննարկելու խաղաղության համաձայնագիրը Մոսկվայի եւ Կիեւի միջեւ եւ պատրաստվում է որքան հնարավոր է շուտ վերջ դնել ռազմական հակամարտությանը նրանց միջեւ։ Թրամփի երդմնակալությունը կայանալու է 2025թ. հունվարի 20-ին։

Նախօրեին The Washington Post-ի (WP) աղբյուրները տեղեկացրել էին, որ Թրամփը նոյեմբերի 7-ին զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Մար-ա-Լագոյի իր նստավայրից եւ քննարկել պատերազմն Ուկրաինայում։ Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ նորընտիր նախագահը Պուտինին զգուշացրել է հակամարտության ցանկացած թեժացումից եւ հիշեցրել ԱՄՆ էական ռազմական ներկայության մասին Եվրոպայում։ Նա հայտնել է, որ հետաքրքրված է հետագա բանակցություններով եւ կարճ անդրադարձել է Ռուսաստանի օկուպացրած տարածքների թեմային։

Կրեմլում հայտնել են, որ խոսակցություն «չի եղել», իսկ ԶԼՄ հրապարակումը «մտացածին» է եւ «պարզապես սուտ ինֆորմացիա»։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների մասով։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ եւս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիեւի կողմից հողի վրա «իրողություններն» ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ