05 12 2020

Մենք մինչև երեքշաբթի օրը ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որ Նիկոլը հրաժարական տա և հեռանա. Իշխան Սաղաթելյան



Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կառավարական ամառանոցների մոտ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նշենք, որ Ազատության հրապարակից «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի մասնակիցները երթով հասել են ամառանոցների մոտ:

«Այդ պահանջը հետևյալն է. մենք մինչև երեքշաբթի օրը ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որ Նիկոլը իր քաղաքական թիմին, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի հրաժարական տա և հեռանա: Նիկոլ, սա քո վերջին ժամերն են, որ բնակվում ես կառավարական ամառանոցում: Մենք որևէ պայմանավորվածություն, որևէ պայման չենք կարող ունենալ, մենք ունենք մեկ պահանջ, Նիկոլը պետք է հեռանա և վերջ:

Մենք երկու հարց կարող ենք  քննարկել՝ Նիկոլի հեռացման օրը և ժամը, և երկրորդ, խոստանալ, որ ֆիզիկական  հաշվեհարդար մեր ժողովուրդն իր հետ չի տեսնելու»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Նա հավելեց. «Եթե մինչև երեքշաբթի, ժամը 12-ը Նիկոլը չհեռանա, այստեղից բոլորիդ անունից հայտարարում եմ, որ ամբողջ Հայաստանով մեկ լինելու են անհնազանդության բողոքի ակցիաներ: Որևէ պայման, որևէ առաջարկ չենք ընդունելու, կա մեկ պահանջ՝ Նիկոլը պետք է հեռանա և վերջ:

2,5 տարի առաջ այս շենքում ապրող խաբեբա սրիկան ասում էր՝ եթե  ժողովուրդը չցանկանա, ես կհեռանամ: Հիմա ամբողջ ժողովուրդն ասում է՝ հեռացիր և վերջ: Մենք այսօրվանից գնում ենք պատրաստվելու երեքշաբթի օրվա բողոքի զանգվածային ակցիաներին: Եթե մինչև երեքշաբթի չհեռանա, կհեռացնենք և վերջ: Սադրանքներին չենք տրվում: Մինչև այս շաբաթվա վերջ պետք է այս հարցը փակենք և վերջ»,-ընդգծեց Սաղաթելյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ