Panorama.am-ը գրում է․ «Դեկտեմբերի 3-ին հայտարարվեց, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի ձևավորած «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանն է։
Հայտարարության մեջ նշված է, որ Վազգեն Մանուկյանը վարչապետ դառնալուն պես կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, պարտավորվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին անձամբ չմասնակցել և չհավակնել վարչապետի պաշտոնին: Ընդգծվում է նաև, որ ընտրվել է Վազգեն Մանուկյանը, քանի որ նա «ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, արդյունավետ բանակցություններ վարելու կարողություն, ներքին համերաշխություն և համազգային համախմբվածություն ապահովելու կամք ու վճռականություն»:
***
Պետք է առանձնահատուկ ընդգծել, որ ընդդիմությունը կարողացել է ընտրել ստեղծված պայմաններում թերևս ամենաճիշտ գործչին, ով վստահաբար հավատարիմ կմնա ստանձնած պարտավորություններին, երբեք չի ստի և իր խոստումները չի դրժի։ Դրա վկայությունը առնվազն երկու սերնդի աչքի առաջ անցած նրա ճանապարհն է։
Փաստացի, այս առաջադրումը «Կոնսենսուս մինուս մեկ» գաղափարի իրականացումն է, երբ հանրապետության քաղաքական բոլոր հիմնական ուժերը համախմբվեցին իշխող ուժի դեմ։ Գրեթե բոլոր, որովհետև նշված հայտարարությունից մոտ երկու ժամ անց մամուլի հրապարակումներից տեղեկացանք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։
Անկեղծ ասած, այնքան էլ զարմանալի չէր, որովհետև սույն կուսակցության վերջին տարիների գործունեությունը, մասնավորապես նախապատերազմական շրջանում «Բարգավաճ Հայաստանի» մի քանի կարևոր օրեսնդրական նախաձեռնություններին չմիանալը խորը տարակուսանքի տեղիք են տվել։ Հապա ի՜նչ տարակուսանք առաջացրեց հրաշքով բուժված և հեռավոր Ավստրիալիայից Արցախի սոցապ նախարարի պաշտոնը մեծահոգաբար ընդունած Մանե Թանդիլյանի հայտնությունը։ Է՛հ․․․ Գաղտնիք չէ, որ Մարուքյանի Նիկոլին նվիրված լինելը երբևէ կասկած չի հարուցել։ Այնպես որ, մեծ հարցականի տակ է խորհրդարանում հարթ կերպով վարչապետ ընտրելու հեռանկարը։
Բայց նաև չմոռանանք, որ այս խորհրդարանն ինքը այնքան անգամներ է տրորել Սահմանադրությունն ու օրենքները, որ չարժե ընդդիմության սուղ ժամանակը վատնել նրանց հատիկ-հատիկ խելքի բերելու համար․․․ ակն ընդ ական․ ինչպես փողոցով եկան, այնպես էլ փողոցով կգնան։
Ինչ վերաբերում է ընդդիմության միասնական թեկնածուին, ապա պետք է նշել, որ միայն այն փաստը, որ Անկախության տարիներին Վազգեն Մանուկյանը հանրապետության համար դժվարին երկու շրջաններում (1996թ և 2020թ) ընտրվեց ընդդիմության միասնական թեկնածու՝ վկայում է բոլորի կողմից նրա մարդկային և կառավարչական որակների ընդունելի լինելու մասին։ Բացի Վազգեն Մանուկյանի քաղաքական երկարամյա գործունեության կարևորումից, այս իրավիճակում թերևս շատ ավելի կարևոր է, որ նա իր կենսափորձով, կրթությամբ, ինտելեկտով, բարեկրթությամբ, հավասարակշիռ պահվածքով կվերականգնի հայ պետական գործչի կերպարը, որը վերջին երկուսուկես տարում լիովին խեղաթյուրվել էր։ Վերջապես կազատվենք մեր երկիրը վարկաբեկող և ծաղրի առարկա դարձրած գավառացու անկանխատեսելի նոպաներից։
Տնտեսության վերականգման, ներքին և արտաքին քաղաքականության խայտառակ թերացումները շտկելու, նոյեմբերի 10-ի տխրահռչակ եռակողմ համաձայնագրի կետերը հայանպաստ դարձնելուն ուղղված բանակցություններին զուգահեռ շատ կարևոր է նաև մեր հիվանդ հասարակությանը ատելության վիրուսից ազատելը։ Դրա համար պետք է ղեկավար, ով իրապես սիրում է իր երկիրը, սիրում է մարդկանց, սիրում է իր հայրենիքի հողն ու ջուրը, սիրում է իր ազգի պատմությունն ու հերոսներին։ Իր բազմամյա քաղաքական գործունեության ընթացքում Վազգեն Մանուկյանը բազմիցս ապացուցել է, որ կարող է սեփական հավակնությունները ստորադասել ազգային շահերին։
Վկա՝ 1996-ի նախագահական ընտրությունները, երբ կեղծած արդյունքների դեմ ընդվզած ժողովուրդը պատրաստ էր մինչև վերջ գնալ, բայց ընդդիմության միասնական, և ըստ էության, հաղթած թեկնածուՎազգեն Մանուկյանն իր հաղթանակի համար չթեժացրեց, այլ հանդարտեցրեց լարված իրավիճակը։ Նա չգնաց արյուն թափելուն ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, ով 2008-ի մարտի 1-ին սրացրեց իրադրությունը ընդհուպ սպանությունների։
Դժվար, անասելի բարդ ու քայքայված վիճակում է երկրի ղեկավարումը ստանձնելու առաջիկա անցումային իշխանությունը Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ։ Չենք կասկածում, որ պատասխանատու կադրերի ընտրությունը կկատարվի՝ հիմնվելով բացառապես նրանց բարձր պրոֆեսինալիզմի և հայրենասիրության վրա։ Սխալվելու իրավունք ազգովին չունեք։ Առավել ևս սխալվել չի կարող Վազգեն Մանուկյանը, ով ընդամենը մեկ տարի ժամանակ ունի սորոսա-ՔՊական-իմքայլական ոհմակի ավերածությունների մետաստազները վերացնելու համար։ Չհաջողելու դեպքում խորտակվելու ենք բոլորս, հետևապես հայրենիքի փրկությունը կախված է մեզնից յուրաքանչյուրից։
Հայաստանը հիմա նման է մի հիասքանչ թանգարանի, որի բոլոր դահլիճներն ու ցուցանմուշները կեղտով վայրագորեն ապականել են Նիկոլն ու իր թիմը։ Մաքրել է պետք դուռ ու դարպաս, ոլորտ ու կառույց, օրենսդրական դաշտն ու մարդկանց սրտերը։ Այդ գործընթացը ստանձնած ապագա վարչապետին օգնել պարտավոր ենք բոլորս, առնվազն մեր բաժին գործն անելու առումով։ Մեկ խնդրանք նրանց, ովքեր չեն գիտակցում պահի օրհասականությունը՝ գոնե մի խանգարեք․․․
Լիա Իվանյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը