16 10 2024

Վազգեն Մանուկյանի պաշտպաններն ակնկալում են նոր դատական ակտ

Վազգեն Մանուկյանի պաշտպաններն ակնկալում են նոր դատական ակտ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Գառնիկ Ստեփանյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Վազգեն Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը։ Այս մասին տեղեկանում ենք Մանուկյանի պաշտոնական էջից։

«Պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը վերաքննիչ բողոքով պահանջում են բեկանել ս․թ․ հունիսի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (դատավոր Վահե Միսակյան) կայացրած վճիռը, որով Վազգեն Մանուկյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտել տուգանքի 400 հազար դրամի չափով։

Պաշտպանները վերաքննիչ քրեական դատարանից ակնկալում են նոր դատական ակտի կայացում, որով Վազգեն Մանուկյանը կարդարացվի։

Էրիկ Ալեքսանյանը, դատարանում հիմնավորելով պաշտպանների պնդումը, նշել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը քաղաքական է, որը հստակ տարանջատում է պահանջում նման իրավիճակներում, ինչն ամրագրված է նաև միջազգային կոնվենցիաներով։

«Դատարանը հավուր պատշաճի չի գնահատել նրա խոսքը և հայտարարությունները, հաշվի չի առել Վազգեն Մանուկյանի անձը, քաղաքական դերակատար լինելու հանգամանքը, նրա քաղաքական դերակատարությունը Հայաստանի պատմության մեջ»,-ընդգծել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Դատական նիստը կշարունակվի ս․թ․ նոյեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ