03 12 2020

Պատերազմի ողջ ընթացքում Հայաստանն ապրեց Չպատերազմող պետության վիճակում՝ սիրողական կառավարմամբ. Վահե Հովհաննիսյան

Պատերազմի ողջ ընթացքում Հայաստանն ապրեց Չպատերազմող պետության վիճակում՝ սիրողական կառավարմամբ. Վահե Հովհաննիսյան

«Մեր ողբերգությունների պատմագրության մեջ տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում փոխվել է միայն մեր գլխին ջարդվող զենքի տեսակը ու մի քիչ էլ՝ հետողբերգության հումանիտար մեխանիզմները։ Մնացածը նույնն է՝ պատճառը, նպատակը, հետևանքը, միջազգային հանրության կեցվածքը, և ամենակարևորը՝մենք։

Յաթաղանից հետո մենք, իհարկե, ունեցանք պատմության նոր էջեր՝ 1918-20 թթ., Խորհրդային Հայաստան՝ գիտակրթական, մշակութային ոսկեդար, Անկախության հռչակագիր, անկախության հանրաքվե, անկախ պետություն՝ ՀՀ, ռազմական հաղթանակ և 2020 թ.։

Բայց 1918-ից մինչև 2020թ. պետականության գաղափարն այդպես էլ չմտավ հայ ժողովրդի, նրա վերնախավերի, նրա իշխանությունների մեջ։ Եղել են փոքր թվով գործիչներ, փոքր ցաքուցրիվ հասարակական խմբեր, որոնք պետականության գաղափարի կրողներն են եղել, բայց նրանք այնքան քիչ են եղել, որ չեն կարողացել ձևավորել ոչ հասարակական հոսանք, ոչ՝ հասարակական շերտ։

Ուշադրություն դարձրեք՝ այսօր շատ քչերն են հասկանում (իշխանության մեջ, հարթակի վրա, հարթակից դուրս, հարթակի կողքը...), թե ինչ կորցրեցինք մենք այս պատերազմի հետևանքով։ Հարցը շրջանների, տարածքների մեջ չէ։ Մենք կորցրել ենք պետականություն։Արցախի Հանրապետությունը, ըստ էության, այլևս չկա։

Թուրքական և ադրբեջանական կողմն այս 26 տարիների ընթացքում կրկնում էր մեկ նախադասություն՝«թույլ չենք տա Կովկասում երկրորդ հայկական պետության գոյությունը»։

Մինչ մենք զբաղված էինք 5+2 շրջանների անվանումների հայկականացմամբ ու, մեր պատկերացմամբ, խնդիրը շրջաններ տալ-չտալու մեջ էր, թուրքերը շատ հստակ էին ձևակերպում խնդիրը։

Սա է պետականաստեղծ վերնախավի և պետություն չընկալող մարդկանց տարբերությունը։ Քանի՞ հոգի է այսօր Հայաստանում ճիշտ ֆիքսել կորստի բովանդակությունը։

Ինչո՞ւ թուրքերը պատերազմ սկսեցին հենց հիմա. նրանք ֆիքսեցին Հայաստանում պետականության նշաձողի ամենացածր կետը։ Մնացած բոլոր բացատրությունները տեխնիկական բնույթի են։

Ինչո՞ւ ավելի վաղ չէր լինում պատերազմը, և ինչո՞ւ 90-ականներին մեզ հաջողվեց հաղթել։ Պատասխանը մեկն է՝ որպես պետություն 90-ականներին Հայաստանն ավելի կայացած էր, քան՝ Ադրբեջանը։ Սակայն 1994-ի հրադադարից հետո՝ որևէ համապետական ընտրության ժամանակ Արցախի խնդիրը, հակամարտությունը, հարևանների հետ հարաբերությունները չեն եղել առանցքային հարցեր։ Ընտրություններում դրանք եղել են չորրորդական հարցեր՝ ստորադասվելով մի շարք կենցաղային հարցերի։ Հասարակությունը, ընտրողները, չեն հասկացել խնդրի լրջությունը, և նույնը՝ ընտրվողները՝ չնչին բացառություններով։ Ու պետության ընկալման նման կենցաղային մակարդակով մենք ուզում էինք պետականությո՞ւն պահել։

 Պատերազմի ընթացքում հայկական ռեակցիան եղել է պետություն չունեցող ժողովրդի ինքնապաշտպանական խմբերի պատասխան.

 

  1. Պատերազմի ողջ ընթացքում Հայաստանն ապրեց Չպատերազմող պետության վիճակում՝ սիրողական կառավարմամբ։ 
  1. Վարչապետի բոլոր ուղերձները պետություն չունեցող միավորի ղեկավարի ուղերձներ էին՝ ո´չ մի կոնսոլիդացնող գաղափար, ո´չ մի լուծման հեռանկար, ո´չ մի ձևակերպված խնդիր և լուծում։ Միայն հուսահատություն, միայն պառակտում, միայն խուճապ։ 
  1. Համայնքապետերի գլխավորությամբ կամավորական ջոկատների ստեղծման կոչը թիկունքի կազմաքանդումն էր։ Անհավանական է, բայց պատերազմի օրերին երկրի վարչապետը կազմաքանդում է թիկունքը, պետական համակարգը։ 
  1. Համազգային ցանցագործությունը, որքան էլ ազնիվ ու անձնազոհ լիներ, բայց իր ամբողջության մեջ ուղղակի հիշեցնում էր 2014-ի եզդիների ցեղասպանությունը, որն իրականացրեց Իսլմական պետությունը՝ Թուրքիայի օժանդակությամբ։ Ցանցերի խնդիրը կարելի էր լուծել մեկ օրում, եթե պետությունը գործեր։ 
  1. Պատերազմը շուտ կանգնեցնելու խնդրի չընկալումը։ Ո´չ իշխանության կողմից, ո´չ քաղաքական համակարգերի, ո´չ հասարակության, ո´չ վերնախավերի։ Միայն հատուկենտ մարդիկ էին հասկանում խնդիրը։

 Պատերազմից հետո այսքան ժամանակ անց Փաշինյանի իշխանության գոյությունը, հայ հասարակության արձագանքները և ներքին ապրումները, հանրային տարբեր շերտերի ընդվզման որակը, քաղաքական հարթակային ընդդիմության օրակարգի ու մոտեցումների անհստակությունը խոսում են պետականության ընկալման զանգվածային բացակայության մասին։

 Նրանք, ովքեր 2.5 տարի առաջ բերվեցին իշխանության, ըստ երևույթին լուծում էին հստակ խնդիր, ավելի ճիշտ՝ նրանց առջև դրված էր հստակ խնդիր՝ հաշվի առնելով պետականության գիտակցման այս ցածր աստիճանը՝ հասնել պետականության իրական կազմաքանդմանը։ Եվ աշխատանքային հիմնական գործիքները՝ լիդերի գռեհիկ լայվերը, դատաիրավական մեքենան, ՊՈԱԿ-ը, «Ազատությունը», Հ1-ը, արեցին պատմական աշխատանք։ Եվ պատերազմից հետո Ալիևի որոշմամբ հիմնադրված «Ղարաբաղ» շքանշանի առաջին հիմնական հավակնորդները հենց դրանք են։

 

2020 թ. ողբերգության երկու հիմնական, պատմական հետևանքներն են.

 ա/ Արցախ՝ պետականության կորուստ

 բ/ Հայաստան՝ կիսաճանաչված պետության կարգավիճակ

 Եվ այսօր անընդհատ հնչող այն հարցի պատասխանը, թե որո՞նք են հաջորդ իշխանությունների հիմնական անելիքները, գտնվում է այս երկու ողբերգական փաստի տիրույթում»։

 

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ

Վահե Հովհաննիսյան

 

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ