25 11 2020

Պետք է գան մարդիկ, որոնք իսկապես պետք է փորձեն զրոյից սկսել բաց ճակատով. Վիգեն Հակոբյան

Պետք է գան մարդիկ, որոնք իսկապես պետք է փորձեն զրոյից սկսել բաց ճակատով. Վիգեն Հակոբյան

Նիկոլ Փաշինյանի կողմից հայկական հողերն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի, հետագա բանակցություններում հնարավորությունների, վարչապետի աթոռը չլքելու, ռուսական կողմից ստացվող ուղերձների մասին Panorama.am-ը զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։

Panorama.am- Պարոն Հակոբյան, հաշվի առնելով ռուսական կողմի, այդ թվում նաև Վլադիմիր Պուտինի շուրթերով «Նիկոլ Փաշինյանի վատ բանակցող լինելու մասին» ուղերձները՝  հայկական կողմը ի՞նչ կարող է ակնկալել ԼՂ հարցով հետագա բանակցություններում։

Վիգեն Հակոբյան- Ռուսական կողմն, այո, ամենաբարձր, կարող ենք ասել հիմնականում Պուտինի մակարդակով ուղերձներ է հղում։ Ըստ էության, դրանց մասին պետք է խոսեր Լավրովը, բայց  իրավիճակն այնքան նուրբ է, որ Պուտինն է խոսում։ ՌԴ նախագահը, ըստ էության, փորձում է մինչև փաստաթղթի իրականացումն ամեն ինչ անել, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ մտքին չդնի թռնել ստանձնած պարտավորություններից, նա փաստում է, որ Նիկոլ Փաշինյանն այլ տարբերակ չուներ, քանի որ իրավիճակն արդեն կրիտիկական էր։

Բայց ամեն անգամ Վլադիմիր Պուտինը բացում է նոր նյուանսներ, որ Նիկոլ Փաշինյանը  ոչ կոմպետենտ ղեկավար էր, ինչի հետևանքով երկիրը պարտվեց պատերազմում, հսկայական մարդկային կորուստներ կրեց, կապիտուլյացիա արձանագրեց իր ձեռքով։ Այսինքն, Պուտինն այս պահին չի ոչնչացնում Փաշինյանին, բայց մյուս կողմից բոլոր հիմքերը նախապատրաստում է, որ Փաշինյանի ստորագրությամբ ստանձնած պարտավորություններն ի կատար ածելուց հետո նրան օր առաջ հեռացնեն պաշտոնից, առնվազն անմեղսուանակ անվանեն, կամ ոչ կոմպետենտ ղեկավար, իսկ որոշ դրվագներ կարող են գնահատվել գուցե նաև դավաճանություն։

Ես կարծում եմ, որ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ռուսներին, թուրքերին ու ադրբեջանցիներին այլևս պետք չլինի այդ հայտարարությունն ի կատար ածելու համար, որևէ արտաքին քաղաքական թել չի կարող լինել, որ Փաշինյանին կկարողանա պահել, եթե իհարկե, երկրի ներսում ցանկություն լինի նրան հեռացնել։

Իսկ երկրի ներսում կա որոշակի խավ, որը ժամանակի ընթացքում լավ նախապատրաստվել է հենց այսօրվա համար։ Նրանք աջակցում են Նիկոլ Փաշինյանի ցանկացած գործողություն, նույնիսկ հող հանձնելը, նրանց թվում են զոմբիները, պողոսները, անուղեղները, ուղեղ ունեցողներ, բայց ինչ-ինչ հաշվարկներով առաջնորդվողները։ Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը առաջին ելույթներից մեկում խոսեց երկաթգծի մասին, փորձեց անհայրենիք բիզնես խավին ինչ-որ հույսեր տալ, ասել, գիտե՞ք, Ղարաբաղը բեռ էր, խանգարում էր ինչ-որ բիզնես ծրագրեր անել,  ճանապարհները բացել, հիմա երբ ԼՂ հարցը փակված է, ռուսների ասած ՚՚все будет в шоколаде՚՚։

Մի բան էլ ասեմ, մենք 90-ականներին հաղթեցինք, որովհետև ունեինք ամբիցիաներ ունեցող ժողովուրդ։ Ունեինք ժողովուրդ, որը ցանկանում էր անկախություն, որը պատրաստ էր տարածքները վերցնել, որը պատրաստ էր գին վճարել այդ նպատակների համար։ Հիմա, ցավոք սրտի, վերջին 2.5 տարվա, ու ոչ միայն 2.5 տարվա, վարած քաղաքականության, դրսից իրականացված նպատակաուղղված աշխատանքի «շնորհիվ» մենք ունենք ժողովրդի մի հատված, դժվարանում եմ ասել քանի տոկոսն է, որը պատրաստ է  պարտության, և ցանկացած հիմնավորում իր համար ընդունելի է, որպեսզի կարողանա իր վախկոտությունն ու ամբիցիա չունենալն արդարացնի։

Եթե կապիտուլացիոն ակտը ստորագրելուց երկու շաբաթ հետո Նիկոլ Փաշինյանն իր աթոռին նստած է, ուրեմն մենք չունեն 90-ականների ժողովուրդը, չունենք 90-ականների բարձրաստիճան զինվորականությունը, անվտանգության համակարգը, մտավորականությունը...

Panorama.am- Ստեղծված իրավիճակում  Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է արդյունավետ մասնակցել հետագա բանակցություններին։

Վիգեն Հակոբյան- Երկիրն այս պահին գտնվում է իզգոյացման մեջ։ Այս իշխանությունները որևէ բան չեն կարողանում անել, չկա ռեալ իշխանություն, սպասողական իրավիճակ է, թե երբ է այս ամենը փոխվելու։

Պետական ապարատը հիմա կամա, թե ակամա սաբոտաժ է անում, քանի որ բոլորը, այդ թվում պետական ապարատը սպասողական վիճակում է, թե երբ է այս իշխանությունը փոխվեու, բոլորը հասկանում են, հնարավոր չէ երկրի վերականգնման ճամփան սկսել այն քաղաքական թիմի ու ղեկավարի հետ, որը բառի բուն իմաստով տապալել է, խայտառակել է երկիրը, կապիտուլյանտ է, թե ֆիզիկապես, թե հոգեպես է  կապիտուլյանտ։ Այն փաստաթուղթը, որ ստորագրել է, ցույց է տալիս, որ ինչ դեմ են տվել խուճապահար ստորագրել է, դրա մասին է վկայում Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մասին կետը, որն ընդհանրապես կապ չուներ պատերազմի թատերաբեմի հետ։

Իզգոյացումը, իմիջային հսկա անկումը բերել են նրան, որ երկրից դուրս Նիկոլ Փաշինյանի հետ որևէ մեկը լուրջ չի ուզում խոսել, հարգանք չկա նրա նկատմամբ։ Ես օրինակ հատուկ հետևում էի, նույն օրվա ընթացքում Երևան եկան Լավրովն ու Շոյոգուն, խոսեցին Նիկոլ Փաշինյանի հետ, ժեստերին, այդ ամեն ինչին, Մարիա Զախարովան տիպիկ որակում տվեց՝ դրամատուրգիա։ Դիվանագիտական լեզվով դա ուղղակի ստորացում էր։ Մի քանի ժամ հետո այդ մարդիկ Բաքվում էին, հանդիպում էին Ալիևի հետ։ Նկատեցիք, Շոյգուն զինվորական համազգեստով էր, տեսաք, թե ինչպես էր Լավրովը խոսում Իլհամ Ալիևի հետ, ինչպես էր նա խոսում Նիկոլ Փաշինյանի հետ։ Այսինքն, մենք հիմա ունենք երկիր, որ իզգոյի կարգավիճակում է։

Գիտե՞ք, կարող է խղճան, ինչ-որ վարկային միջոցներ տան՝ հստակ իմանալով, որ չենք կարող այն վերադարձնել, կամ կարող են վարկեր տրամադրել առավել մեծ կախվածության մեջ գցելու համար, ավելի շուտ կարող են վերսկսկել 90-ականների բարեգործական ծրագրերը։

Հետագա բանակցությունների համար հիմա հնարավորինս շուտ երկրի իշխանությունը պետք է փոխվի։ Պետք է լինի նոր մարդ, որն իր արածի համար չամաչի, վիզը ծուռ չլինի։ Դուք մի նայեք, որ Փաշինյանը մեծ-մեծ խոսում է, իրականում դիսկոմֆորտի մեջ է, խոսեք հոգեբաների հետ, դրա մասին են խոսում թե եկեղեցում, թե անհետ կորածների ծնողների հանդիպումների ժամանակ նրա հայացքը,  էլ չեմ խոսում Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման կադրերը։ Ես նույնիսկ ասեցի, եթե Փաշինյանի ու Հարությունյանի հանդիպման լուսանկարը կամ տեսանյութը աշխատակազմից է դուրս եկել, ապա սաբոտաժ է, այն ցույց էր տալիս, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ երկու հպարտ քաղաքացին։

Իշխանության պետք է գան մարդիկ, որոնք որևէ առնչություն չունեն այս խայտառակության հետ, որոնց ձեռքերն ազատ են, չունեն հրապարակային ու ստվերային պայմանավորվածություններ, պարտավորվածություններ ոչ երկրի ներսում, ոչ էլ երկրից դուրս։ Պետք է գան մարդիկ, որոնք իսկապես պետք է փորձեն զրոյից սկսել բաց ճակատով։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ