ՀԱՊԿ-ն իրեն դիմելու դեպքում կկարողանա խաղաղապահ ուժեր տեղակայել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղության համար՝ միայն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ եւ միայն ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան մանդատ ստանալու դեպքում: Գործողությունը իրականացնելու համար պետք է լինի նաեւ հակամարտող բոլոր կողմերի համաձայնությունը։ Այս մասին ТАСС-ին ասել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Որոշումն ընդունվում է՝ հաշվի առնելով անդամ-պետությունների ազգային օրենսդրությունը՝ իր երկրի տարածքում խաղաղարար գործողություն իրականացնելու մասին պետության կողմից ներկայացված պաշտոնական խնդրանքի կամ ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետության տարածքում խաղաղապահ գործողություն իրականացնելու մասին»,- ասել է Զայնետդինովը:
Նա նաեւ հիշեցրել է, որ հակամարտության ՀԱՊԿ անդամ միակ կողմ Հայաստանը, դեռ չի դիմել այդ կազմակերպությանը:
2007թ. համաձայնագրով՝ խաղաղապահ գործողություն իրականացնելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը նախապատրաստվում է արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հաստատումից հետո:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը