Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը ցուցարարների կողմից ազատ է արձակվել Պետական ազգային անվտանգության կոմիտեի քննչական մեկուսարանից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Քաղաքական գործիչն ազատվել է ցուցարարների խմբի եւ ՊԱԱԿ ղեկավարության միջեւ բանակցություններից հետո։ Մինչ այդ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին չհամաձայնող ցուցարարները գրավել էին շենքը, որտեղ տեղակայված են երկրի նախագահի աշխատակազմը եւ խորհրդարանը։
Աթամբաեւը ձերբակալվել էր 2019 թվականի օգոստոսի 8-ին Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղում գտնվող իր նստավայրում։ Նրան առաջադրվել էր իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ բռնության կիրառման, զանգվածային անկարգությունների կազմակերպման, սպանությունների կազմակերպման, մահափորձերի կազմակերպման, պատանդառության կազմակերպման, քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւին բանտից ապօրինի ազատելիս կոռուպցիայի, մայրաքաղաքի ՋԷԿ-ի վերակառուցման ժամանակ կոռուպցիայի, Բիշքեկում «Ֆորում» արդյունաբերական խմբի շենքի հետ կապված անօրինական գործարքի եւ Կոյ-Տաշում հողամասն անօրինականորեն ստանալու մեղադրանքներ։
Ղրղզստանի նախկին նախագահը հետագայում բազմիցս հայտարարել է, որ այդ մեղադրանքները համարում է քաղաքական հետապնդում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը