05 10 2020

Անկարող լինելով ռազմաճակատում՝ Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում. ՀՀ ԱԳՆ

Անկարող լինելով ռազմաճակատում՝ Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից տարածվող կեղծ տեղեկատվության վերաբերյալ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ եւ օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան ուղեկցվում է ողջամտության սահմաններն անցնող ապատեղեկատվության եւ կեղծիքների արշավով:

Անկարող լինելով ռազմաճակատում հասնելու որեւէ հաջողության՝ ադրբեջանական կողմը մի կողմից խոսում է երեւակայական հաջողությունների մասին, իսկ մյուս կողմից կեղծ լուրեր տարածում առ այն, իբրեւ թե Հայաստանն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ հարվածներ է հասցնում:

Այս շարքից է նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի խորքում գտնվող բնակավայրերին հարված հասցնելու մասին վերջին ժամերին տարածված ապատեղեկատվությունը:

Ապատեղեկատվական արշավի նպատակն է կոծկել Ադրբեջանի կողմից պատերազմի առաջին իսկ օրերից Լեռնային Ղարաբաղի խոշոր բնակավայրերի զանգվածային հրետակոծումը, որի հետեւանքով միայն այսօր արձանագրվել են բազմաթիվ զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, եւ լուրջ վնաս է հասցվել քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքներին:

Նման ստահոդ լուրերի տարածմամբ Ադրբեջանը նաեւ հող է նախապատրաստում իր հանցավոր քաղաքականության շարունակման եւ պատերազմի աշխարհագրության ընդլայնման համար:

Ադրբեջանական կողմի յուրաքանչյուր սադրանք կստանա համարժեք պատասխան Հայաստանի Հանրապետության կողմից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ