02 10 2020

Ամբողջ հայության համահայկական ներուժն պետք է օգտագործվի այս պատերազմում. Իշխան Սաղաթելյան



 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել հայությանն ուղղված տեսաուղերձով: Նա, մասնավորապես, ասել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, արդեն 5 օր է, ինչ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները պատերազմի մեջ են: Այս օրերին հայ զինվորն անում է անհնարինը. նա իր կյանքի գնով, իր կրծքով պաշտպանում է մեր հայրենի հողը: Հայ զինվորն այս օրերին առաջնորդվում է «Մահ կամ ազատություն» կարգախոսով։ Հանուն Արցախի, հանուն հայ ժողովրդի ապրելու իրավունքի` մենք այլ ճանապարհ չունենք։

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք զիջելու հայրենիք չունենք։ Այս պատերազմի ելքով է որոշվելու հայ ժողովրդի ճակատագիրը: Հետևաբար, հաշվի առնելով և ողջունելով անցած 5 օրերին հայ ժողովրդի միասնականությունը, համախմբվածությունը, պետք է արձանագրել՝ սա բավարար չէ: Անհրաժեշտ է, որպեսզի ամբողջ հայության համահայկական ներուժն օգտագործվի այս պատերազմում։  Յուրաքանչյուր հայ, աշխարհի որ ծայրում որ լինի` Երևանից մինչև Լոս Անջելես, Կանադայից մինչև Եվրոպա, Ավստրալիայից մինչև Իրան, որտեղ կա հայ, այս պատերազմը պետք է համարի իր անձնական պատերազմը։ Պետք է ոչինչ չխնայի այս պատերազմի համար։

Մենք 3 ճակատով պետք է շարունակենք աշխատել՝ արտաքին ճակատում օգտագործելով մեր ամբողջ ժողովրդի ներուժը, մեր համահայկական հնարավորությունները, կազմակերպությունները: Շարունակենք միջազգային բեմերում, հարթակներում, այլ պետություններում ներկայացնել Թուրքիայի կայսերապաշտական քաղաքականությունը և Ադրբեջանի ագրեսոր կեցվածքը»։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ