24 09 2020

Գաղտնալսման գործը կոծկու՞մ են․ ո՞վ է եղել գլխավոր կասկածյալը. Politik.am

Գաղտնալսման գործը կոծկու՞մ են․ ո՞վ է եղել գլխավոր կասկածյալը. Politik.am

Politik.am-ը գրում է.

2018թ–ի սեպտեմբերի 11-ին մամուլում հրապարակվեց ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ նախագահ Սասուն Խաչատրյանի 8-րոպեանոց հեռախոսազրույցը, որի ընթացքում վերջինները քննարկում էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և պաշտպանության նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։

Գաղտնալսումն իրապես խառնեց ամբողջ քաղաքական դաշտը։ Նախ հայտնի դարձավ, որ նոր իշխանությունները ևս ճնշում են բանեցնում դատարանների վրա։ Պարզ դարձավ նաև, որ Քոչարյանի գործը քաղաքական բնույթ ունի և անձամբ վարչապետ Փաշինյանն է հետաքրքրված այս գործով։

2019 թվականի դեկտեմբերի 5-ին Politik.am-ը  հղում տալով իր աղբյուրներին գրել էր, որ գաղտնալսում իրականացրած անձը ԱԱԾ կողմից ամիսներ առաջ ձերբակալվել է։ Ձերբակալվածը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ ռուս։

Մեր հրապարակումից ժամեր անց հայտարարությամբ հանդես եկավ Քննչական կոմիտեն, որում մասնավորապես նշվում էր․ «www.Politik.am կայքը քիչ առաջ լուր է հրապարակել` «Վանեցյանին և Խաչատրյանին գաղտնասլած անձը ձերբակալվել է․ նա ՌԴ քաղաքացի է» վերտառությամբ:

Հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա: Քրեական գործով որևէ անձ չի ձերբակալվել»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում ԱԱԾ գործող տնօրեն Արգիշտի Քյարամյանը կրկին անդրադարձ է կատարել գաղտանլսման թեմային՝ փորձելով դրանում մեղադրել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին․ «Արթուր Վանեցյանը թող նախ մտածի այն հարցի շուրջ, որ իր ԱԱԾ տնօրեն եղած ժամանակում ԱԱԾ-ի, Հատուկ քննչական ծառայության և վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսել են։ Գաղտնալսման գործով Քննչական կոմիտեի հատուկ ստորաբաժանումում նախաքննություն է իրականացվում, նախաքննական գաղտնիքներ կան»,-լրագրողների հետ զրույցում ասել էր Քյարամյանը։

ԱԱԾ գործող պետին պատախանով հանդես եկավ Արթուր Վանեցյանի կուսակից Արսեն Բաբայանը։ Նա ակնարկում է, որ եղել է փաստացի կասկածյալ, որի ցուցմունքները պատշաճ չի գնահատվել․ «Հաշվի առնելով այն իրողությունը, որ իշխանությունը հանրությանն այդ գործով պատշաճ տեղեկություններ հայտնելու փոխարեն շարունակում է լկտիաբար շահարկել թեման, ապա Քյարամյանին խորհուրդ եմ տալիս պարզել, թե ինչպե՞ս ստացվեց, որ նախաքննության մարմինը գաղտնալսման գործով առանցքային վկայի (փաստացի կասկածյալ) ցուցմունքները պատշաճ չգնահատեց և որոշակի անձանց մեղադրանքներ չառաջադրեց»։

Սա ըստ էության մեղադրանք է ուղղված քննչական մարմիններին, որ իրենք իրենց գործը լավ չեն արել կամ նրանց հրահանգել են «լավ չանել գործը» և  ազատության մեջ թողնել փաստացի կասկածյալին։

Քննչական կոմիտեն ի պատասխան մեր հարցման շարունակում է պնդել, որ կասկածյալ, կամ մեղադրյալ այս գործով չկա։

Հետաքրքիր է, որ ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ գործը գրեթե բացահայտված է․ «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման գործը գրեթե բացահայտված է»։

Տարակուսելի է, երբ ՔԿ ղեկավարը խոսում է գործի գրեթե բացահայտման մասին՝ այն դեպքում, երբ անգամ իր հայտարարությունից ամիսներ անց կասկածյալ կամ մեղադրյալ չկա գործում։ Նկատենք, որ ՔԿ-ն չէր պատասխանել Արսեն Բաբայանի հնչեցրաց հարցին, որը ևս առկա էր հարցման տեքստում։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ