15 02 2022

Ոստիկանությունը դեռ 30 օր կուսումնասիրի Politik.am-ի խմբագրություն ներխուժելու դեպքը

Ոստիկանությունը դեռ 30 օր կուսումնասիրի Politik.am-ի խմբագրություն ներխուժելու դեպքը

Երեք օր առաջ մի խումբ անձինք ներխուժել էին Politik.am-ի խմբագրություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր խմբագիր Բորիս Մուրազին: Նա, մասնավորապես, գրել էր.

«Քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրահանգով մեր խմբագրություն են ներխուժել 10 հոգի և ներկայացել են, որպես զոհված զինվորների ծնողներ: Նրանք պնդել են, թե ես հայտարարել եմ, որ Արայիկ Հարությունյանը Արցախի հողերը հանձնել է ու այդ հայտարարության համար պետք է հաշվեհարդար տեսնեն: Խմբագրությունում ինձ չհանդիպելուց հետո, նրանք դուրս են գալիս ու ներխուժողներից մեկը նաև զանգահարել է ինձ և հայտարարել է, որ ինքը պատրաստվում է մարդ սպանել ու պահանջել է հանդիպում»:

Դեպքից երեք օր անց կապ հաստատեցինք ոստիկանություն` հասկանալու համար, թե գործն ինչ ընթացք է ստացել: Ոստիկանության լրատվության բաժնից մեզ ասացին, որ քաղաքացուց դիմում է ստացվել ներխուժման մասին, այս պահին ընթանում են ստուգողական գործողություններ Ոստիկանության Էրեբունբու բաժնում: Այլ հարցերի հրաժարվեցին պատասխանել՝ նշելով, որ ստուգման գործընթացը տևում է 30 օր:

Նշենք նաև, որ Բորիս Մուրազին հրապարակել էր նաև տեսանյութ, որտեղ խմբագրության տարածքի տեսախցիկները ֆիքսել էին ներխուժած անձանցից 5-ին:

Հիշեցնենք, որ սա մամուլի նկատմամբ հերթական ճնշման փորձն էր: Միայն հիշեցնենք, որ ընդամնեը ֆեյսբուքյան մի ստատուսի պատճառով Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն պաշարեցին Yerevan.Today-ի խմբագրությունը, չորս անձ հարձակվեց Hayeli.am-ի խմբագրության վրա, բացատրություններ ստանալու համար ոստիկանները սկսեցին այցելել խմբագրություններ, հարյուրավոր անհիմն տուգանքների մասին էլ չենք խոսում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ