11 09 2020

Քրիստոնեությունը կրո՞ն, թե՞ քաղաքակրթություն. նորօրյա «հեղափոխականների» նոր հեթանոսությունը. մաս IV

Քրիստոնեությունը կրո՞ն, թե՞ քաղաքակրթություն. նորօրյա «հեղափոխականների» նոր հեթանոսությունը. մաս IV

 

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի փարձագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Այսօր Հայաստանում շատ է խոսվում ազգային ավանդույթների կորստյան վտանգի մասին։ Իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում ավանդույթները և ո՞րն է դրանց նշանակությունը։ Ինչպես նախորդ մասում նշել էի, քաղաքակրթությունները հիմնվում են արժեքային համակարգերի վրա, որոնք ժամանակի ընթացքում վերածվում են ավանդույթների, իսկ հետագայում, երբ կյանքն առաջ է գնում, ապա տեղի է ունենում արժեքների փոփոխություն, և դրանց հիման վրա առաջանում են նոր ավանդույթներ: Բնականաբար, որոշակի ավանդույթների վրա կառուցված յուրաքանչյուր քաղաքակրթություն ունենում է իր առանցքային երկիրը, որին պայմանականորեն անվանենք կայսրություն: Կայսրությունները պաշտպանում և տարածում են այդ արժեքները, դրանց վրա ներդնում իրենց ստանդարտները։ Մարդկանց վրա տիրապետություն տարածելու համար առաջին հերթին պետք է տիրել նրանց մտքերին։

 Մինչ Լուսավորության ժամանակաշրջանը (XVII–XVIII դդ.) արժեքային համակարգերը ներդրվում էին կրոնների միջոցով և հիմնվում էին Աստծո հեղինակության վրա, և, բնականաբար, ոչ ոք չէր կարող կասկածի տակ դնել Աստծո խոսքը (իսկ ով փորձում էր, հայտարարվում էր հերետիկոս ու պատժվում էր), և, հետևապես, արժեքային համակարգերի փոփոխությունները դանդաղ էին ընթանում, իսկ արժեքների շուրջ վեճը ընթանում էր Աստծո խոսքի մեկնաբանությունների շուրջ: Լուսավորության դարաշրջանից հետո կրոնը սկսեց կորցնել իր մոգական ազդեցությունը, իսկ XIX դարում Նիցշեն գուժեց «Աստվածների մահը»: Արժեքային համակարգերի փոփոխությունները սկսեցին արագորեն ձևափոխվել։

 Մեր ժամանակաշրջանում արժեքային համակարգերի արագ փոփոխության և այսօրվա քաղաքակրթության վրա դրա ունեցած հետևանքների մասին կարող եք ծանոթանալ Մանվել Սարգսյանի դասախոսությունում։

 Շվեյցարացի մշակութաբան Ռիչարդ Թեոդոր Թարնասի տեսակետով. «Եվրոպական «Նոր Ժամանակին» փոխարինելու է եկել Պոստմոդեռնի դարաշրջանը, որի ամենաբնութագրիչ հատկություններից է հավատն առաջընթացի և բանականության ամենազորության հանդեպ: Նոր ժամանակաշրջանում (Մոդեռն) Արժեքային համակարգի ձևափոխումը կատարվել է Առաջին աշխարհամարտի ժամանակ։ Արդյունքում, աշխարհի եվրոպակենտրոն պատկերն իր տեղը զիջեց գլոբոլ բազմաբևեռությանը, բանականության հանդեպ մոդեռնիստական հավատն իր տեղը զիջեց մեկնաբանական մտածողությանը»։

 Ընտանիքի ինստիտուտի շուրջ ծավալվող քաղաքակրթական վեճերն ու գլոբալիզմը

 Ընտանիքը քրիստոնեության միջոցով դարձավ հիմնական հանրային ինստիտուտներից մեկը, որը սրբագործվում է եկեղեցու կողմից։ Կինը և տղամարդը ամուսնանում են եկեղեցում՝ Աստծո «ներկայությամբ»։ Ընտանիքը, մինչև քրիստոնեությունը, ոչ մի այլ կրոնում այդքան խիստ չի սահմանվել և չի սրբացվել։ Ընտանիքի ինստիտուտի մասին սկսված վեճը, որ այն ոչ միայն կնոջ ու տղամարդու միջև է կարող կնքվել, այլև հնարավոր են բազմաթիվ տարբերակներ, քաղաքակրթական ու քաղաքական վեճ է, և պատահական չէ, որ այն ձեռք է բերել աշխարհքաղաքական նշանակություն։ Կարելի է անգամ ասել, որ ժամանակակից ձախերն ու լիբերալները ընտանիքի հանդեպ իրենց մոտեցումների շնորհիվ ցանկանում են ձևավորել նոր արժեքային համակարգ, որն այսօրվա գլոբալիզմի խորհրդանիշն է դառնում ու բաժանում պահպանողականներին ու գլոբալիստներին։ Խնդիրը ոչ այնքան բուն ընտանիքի մասին տարբեր պատկերացումներն են, այլ արժեքային համակարգերի միջոցով նոր քաղաքակրթություն և հետևապես նոր տիրապետություն սահմանելը։ Պատահական չէ, որ հիմնական խնդիրն ոչ թե ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց ազատությունների պաշտպանությունն է, նրանց ազատ, երջանիկ ու արժանապատիվ ապրելու իրավունքը, այլ հենց ամուսնանալու հարցն է (պետության կողմից ճանաչվող ամուսնության ակտի խնդիրը), որի միջոցով նոր քաղաքակրթական ստանդարտ է սահմանվում։ Պարզ է, որ խնդիրը քաղաքական է։

 Այսօր Միացյալ Նահանգներում ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական պայքար է ընթանում՝ չտեսնված լարվածությամբ ու արդեն խոսվում է Միացյալ Նահանգների փլուզման հնարավորության մասին։ Սեռական, ռասայական, ազգային փոքրամասնություններն օգտագործվում են «ավանդական» արժեքների կրողների դեմ պայքարում, և խաղասեղանին դրված է Միացյալ Նահանգների ապագայի մասին պատկերացումը՝ լինել գերտերությո՞ւն, թե՞ գլոբալիզմի կենտրոն։ Սա հիշեցնում է հոդվածի երկրորդ մասում նկարագրված 9-րդ դարում տեղի ունեցած Աստվածաբանական վեճն այն մասին, թե Սուրբ Հոգին միայն հայր Աստծո՞ւց է բխում, թե՞ նաև նրա Որդուց, ինչի բովանդակությունն ոչ ոքի համար հասկանալի չէր, սակայն դրված էր քրիստոնեական աշխարհը երկու մասի բաժանելու հարցը։ Նպատակը արժեքային համակարգի փոփոխությունն էր և դրա հիման վրա նոր քաղաքակրթություն ու նոր ուժային կենտրոն ստեղծելը։

 Ռուսաստանն իր վրա է վերցրել ավանդական ընտանիքի պահպանման խնդիրը, այսինքն միջազգային քաղաքականության մեջ գերտերություն դառնալու հայտ է ներկայացնում, ինչպես ժամանակին Սովետական Միությունը «հավասարության» գաղափարի ջահակիրը դառնալու շնորհիվ դարձավ երկրորդ համաշխարհային բևեռը։

 Ինչն է հետաքրքիր․ մյուս երկրներն իրենց վերաբերմունքը հայտնելով ընտանիքի ինստիտուտի այս կամ այն տարբերակի մասին՝ ընտրում են քաղաքակրթական այս կամ այն մոդելը, նաև այս կամ այն գերտերության հովանավորությունը։ Բնականաբար, ընտանիքի խնդիրը վերածվում է լրջագույն քաղաքական կողմնորոշման խնդրի, ինչպես ժամանակին կոմունիզմի ու կապիտալիզմի միջև ընտրությունն էր։

 Նոր ձախերի տեսությունների մասին ավելի մանրամասն՝ այստեղ։

 Նոր հեթանոսության հիմնական խնդիրը

 Հեթանոսությունը կրոն չէ, այլ տարբեր պաշտամունքների դիսկրետ հավաքածու, և որպես կրոն կամ միասնական քաղաքակրթության հիմք այն սահմանում չունի։ Հռոմեական կայսրությունը կարողացել է ստեղծել հզոր պետություն, ռազմական ուժ և իրավական համակարգ, որը մինչ այսօր մեր իրավական համակարգի հիմքն է, սակայն չի կարողացել այդ ստանդները սրբացնել Աստծո հեղինակությամբ, այսինքն դրանք դարձնել անբեկանելի ու անքննադատելի, ինչի արդյունքում կայսրությունը, երբ կորցրեց իր ռազմական ուժը, փլուզվեց ու ստիպված էր անցում կատարել ավելի խիստ, կենտրոնցված ու միաստվածային համակարգ ունեցող քրիստոնեության։

 Նոր ձախերի ու լիբերալների տեսաբանները առաջարկում են մարդուն ազատել պատրիարքալության ու կրոնի ճիրաններից, որոնք խեղդում են բնական բնազդները, սահմանափակում նրա ազատությունները ու դարձնում ավանդույթների գերին։ Շատ հարցերում նրանց հետ կարելի է համաձայնվել, սակայն նաև պետք է ընդունենք, որ երբեմն այդ բնազդները դառնում են անկառավարելի ու իրենց մեջ ինքնաոչնչացման պոտենցիալ են պարունակում։ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող դեպքերը հետաքրքիր են դիտարկելու համար, թե պահպանողականների ու գլոբալիստների միջև ընթացող պայքարն ինչ հանգուցալուծում է կարող ունենալ և ինչ հետևանքներ է կարող հանգեցնել։

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ