Գործող կառավարության առջեւ այսօր կան մարտահրավերներ, որոնք կարծես թե արդեն անլուծելի են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա գրել է.
«Կառավարության անլուծելի մարտահրավերները
Ցանկացած կառավարության խնդիրն է դիմագրավել մարտահրավերներին ու գտնել դրանց լուծումներ։ Որքանով կարողանում է դա անել, այնքանով հաջողակ է, իսկ երբ դրանք իր համար դառնում են անլուծելի, ապա առաջանում է կառավարման ճգնաժամ՝ համապատասխան հետեւանքներով։
Գործող կառավարության առջեւ այսօր կան մարտահրավերներ, որոնք կարծես թե արդեն անլուծելի են։ Որոնք են դրանք․
- Ամուլսարի խնդիր։ Տնտեսական ճգնաժամի պատճառով տնտեսության հիմքը դարձել է հանքարդյունաբերությունն, որից կախված է բյուջեի համալրումը։ Հանքը բացելու դեպքում կառավարությունն ամբողջապես կկորցնի «գաղափարական հեղափոխականների» աջակցությունը, ավելին, կդառնա նրանց թշնամին, հայտնվելով «հակահեղափոխականների» առջեւ մեն-մենակ, իսկ չբացելու դեպքում տնտեսական ծանր վիճակի պատճառով մնալու է ընրազուրկ «հեղափոխական լայն զանգվածների» առջեւ, նույնպես մեն-մենակ։ Չբացելու դեպքում հնարավոր արտաքին հետեւանքները դեռ չենք քննարկում։ Այս մարտահրավերը կառավարության համար անլուծելի է։
- Կադրային հարցը նույնպես անլուծելի է։ «Ազնիվ քյարպինջների» վրա կառուցված կադրային մարտավարությունն, որը պետք էր «Նոր Հայաստանի» կառուցման հիմքը հանդիսանար, նույնպես անլուծելի բարդություններ է առաջացրել։ Վարկաբեկելով հին համակարգի հետ որեւէ առընչությւոն ունեցող նախկին կադրերին՝ պետական ծառայողներին, կառավարությունը մասնագիտական ցածր պատրաստվածություն ունեցող, կամ առհասարակ պատրաստվածություն չունեցող կադրերի վրա հենվելով չի կարող արդյունքներ ցույց տալ, ինչը տեսնում ենք։
Ավելին, «բարձր պրոֆեսիոնալ» նոր կադրերի հավատարմությունը ապահովելու ու կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար նրանց պարգեւավճարներ շնորհելով, լրացուցիչ ծանր բեռ են դրել բյուջեի վրա։ Քանի որ «վերադարձն անցյալին», այսինքն նախկին կադրերին, կդիտարկվի որպես հեղափոխության դավաճանություն, ինչպես նաեւ կարող է պառլամենտական մեծամասնության փլուզմանը հանգեցնել, այս մարտահրավերը նույնպես անլուծելի է թվում։ Դրա վառ օրինակը ՍԴ նոր անդամներ որոնելու հետ կապված դժվարություններն են։
- Արտաքին քաղաքականությունը նույնպես փակուղում է։ Չստանալով «հեղափոխության» համար Արեւմուտի պարգեւատրումները՝ ներդրումների ու պետական գրանտների տեսքով, կառավարությունը մնացել է «հակահեղափոխական» Ռուսաստանի հույսին, ինչը «հեղափոխության» բրենդի համար իմիջային լուրջ հարված է։ Մյուս կողմից դա ենթադրում է որոշակի քաղաքական զիջումներ, ինչպիսին օրինակ Լուկաշենկոյին ուղղված շնորհավորանքն էր։ Նման «շնորհավորանքներ» մենք դեռ շատ ենք տեսնելու։ Սա նույնպես մի մարտահրավեր է, որի լուծումն այս կառավարությունը չունի։
- Ներդրումներ։ Մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով ներդրումները ծավալը ձգտում է պատմական նվազագույնին։ Ըստ տրամաբանության, հիմնական հույսը պետք էր կապել Ռուսաստանի հայ մեծահարուսների եւ տեղական բիզնեսի «շնաձկների» հետ, սակայն նրանց, ըստ էության, այս կառավարությունը պատերազմ է հայտարարել, խոստանալով «վեթինգ ու հակակոռուպցիոն գործողություններ», ինչը, բնականաբար, այդ դուռը նույնպես փակում է։ Այս մարտահրավերը նույպես լուծում չունի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը