Նրա խոսքերով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին լարվածությունը Թուրքիայի քաղաքականության շարունակությունն է:
«Լարվածությունը տեղի է ունենում Թուրքիայի աջակցությամբ, քանի որ այդ մասին խոսեց նաեւ հենց Թուրքիայի արտգործնախարարը։ Թուրքիան ձգտում է վերականգնել Օսմանյան կայսրությունը, սակայն միայն իր ձեւով: Այդպես են նրանք իրականացնում իրենց քաղաքականությունը՝ գրավելով սիրիական հողերը, Իրաքում կռվում են, Լիբիայում կռվում են, իսկ Հայաստանը ոսկոր է նրանց կոկորդում: Նրանք հայերից խլեցին հողերը, մեկուկես միլիոն հայ մահացավ նրանց ձեռքով, իմ ծնողներին վտարել են իրենց հողերից: Եվ հիմա նրանք որոշել են սկսել նաեւ Ղարաբաղից: Ղարաբաղը, օրենքով, միջազգային իրավունքի համաձայն, դուրս է եկել Ադրբեջանի՝ ագրեսիվ, ստախոս եւ արմատական պետության կազմից»,- հայտարարեց Տեր-Գրիգորյանցը:
Գեներալ-լեյտենանտը հիշեցրեց, որ Բաքուն արդեն փորձել է ուժային ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, սակայն, Ղարաբաղին հաջողվել է ջախջախել քանակով եւ կրակի ուժով իրեն գերազանցող հակառակորդի ուժերին: Այնուամենայնիվ, ինչպես նշեց Տեր-Գրիգորյանցը, թշնամին համառորեն շարունակում է պատրաստվել պատերազմի՝ ակտիվորեն վերազինելով իր ջոկատներն ու ստորաբաժանումները:
«Ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի, այդպիսի պայթյունավտանգ տարածաշրջաններին եւ ագրեսիվ երկրներին արգելվում է զենք մատակարարել, սակայն այդ կանոնները անընդհատ խախտվում են, իսկ ՄԱԿ-ը, չգիտես ինչու, աչք է փակում դրա վրա»,- տարակուսեց գեներալ-լեյտենանտը:
Տեր-Գրիգորյանցի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին վաղուց էր պետք քրեական պատասխանատվության ենթարկել եւ տրիբունալի հանձնել:
Անդրադառնալով այս հարցի վերաբերյալ պաշտոնական Կրեմլի եւ ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը՝ գեներալ-լեյտենանտը բացահայտ դժգոհություն հայտնեց ռազմական դաշինքում Հայաստանի դաշնակիցների պահվածքից:
«ՀԱՊԿ-ը որեւէ միջոց չի ձեռնարկում: ՀԱՊԿ-ը մի տեսակ մահացած կազմակերպություն է: Ես նրանցից երբեք նման բան չէի սպասում»,- ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Գեներալը համոզված է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է գնա Հյուսիսային Կորեայի ճանապարհով՝ հույսը դնելով միայն սեփական ուժերի վրա, ուժեղացնելով իր բանակն ու տնտեսությունը, «հաշվեհարդարի զենք» եւ «զսպման զենք» պահեստավորելով:
«Հակառակ դեպքում, անհրաժեշտ է նոտայով դիմել ՄԱԿ-ին եւ Անվտանգության խորհրդին՝ պահանջելով թույլ տալ Հայաստանին ձեռք բերել միջուկային զենք՝ ադրբեջանցի ծայրահեղականների սպառնալիքներին հակահարված տալու համար», - ասաց Տեր-Գրիգորյանցը:
Նա դժվարացավ կանխատեսել, թե կարող են արդյոք այս սրացումները հանգեցնել ավելի լայնածավալ ռազմական գործողությունների եւ պատերազմի: Այնուամենայնիվ, նա նշեց, որ միջազգային հանրությունը, ըստ էության, որեւէ կերպ չի արձագանքել Ալիեւի հայտարարություններին, թե Երեւանը Ադրբեջանի պատմական մաս է, թե Բաքուն բոլոր ջանքերը կգործադրի իր հողերը վերադարձնելու համար: Ավելին, միջազգային հանրությունը, ինչպես նշեց գեներալ-լեյտենանտը, աչք փակեց 2016-ին Ադրբեջանի ագրեսիայի հանդեպ:
«Այժմ Ալիեւը հերթական անգամ համոզվեց, որ միջազգային հանրությունը անտարբեր է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի հանդեպ: Նա հերթական անգամ համոզվեց, որ ՀԱՊԿ-ը չի պատրաստվում պաշտպանել Հայաստանին»,- պարզաբանեց Տեր-Գրիգորյանցը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը