09 04 2024

Սահմանային իրավիճակի սրումը տեղի է ունեցել Բրյուսելում կայացած հանդիպման ֆոնին. Վլադիմիր Կիրեև. Alphanews.am



Քաղաքագետ Վլադիմիր Կիրեևը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի նոր գնդակոծությանը։

Փորձագետի կարծիքով՝ սահմանին իրավիճակի սրումը տեղի է ունեցել Բրյուսելում կայացած հանդիպման ֆոնին։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակի սրումը, որը հանգեցրել է սահմանին լայնածավալ փոխհրաձգության, տեղի է ունեցել Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպման ֆոնին։ Հանդիպումն Ադրբեջանում բուռն արձագանք է առաջացրել։ Ադրբեջանը հանդիպման մասնակիցներին կասկածում է իր քաղաքականությունը տարածաշրջանին պարտադրելու մտադրության մեջ, որն ուղղված կլինի ադրբեջանական և թուրքական շահերի դեմ: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ Եվրամիությունն իսկապես ակտիվ մասնակցություն է ունենում տարածաշրջանային քաղաքականությանը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա ազդեցություն ստանալու նպատակով։

Դա պայմանավորված է նրանով, որ Եվրամիությունը և ԱՄՆ-ը ձգտում են դուրս մղել Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանից, մասնավորապես, որպեսզի ի դեմս Հայաստանի՝ պլացդարմ ստանան Իրանի և անուղղակիորեն Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։

Սա շատ նյարդայնացնող գործոն է Ադրբեջանի համար։ Իսկ դա կարող է հանգեցնել նրան, որ Փաշինյանը և նրա արևմտյան գործընկերները ուղղակի կոնֆլիկտ հրահրեն։ Արևմտյան երկրների միջամտությունը, ինչպես նաևՀնդկաստանի հետ զարգացող համագործակցությունը անհանգստություն է առաջացնում Ադրբեջանի մոտ», — ընդգծել է Կիրեևը։

Ըստ քաղաքագետի՝ իրականում ռուսական ռազմաբազան և ռուս սահմանապահները դեռևս մնում են Հայաստանի անվտանգության երաշխիքը։«Այս նոր իրավիճակը, միևնույն ժամանակ, Հայաստանին տալիս է նոր դաշնակիցներ, նոր գործընկերներ, նաև հնարավորությունների պատուհան է բացում հակամարտության լիարժեք նոր փուլի համար։ Իրականում, Հայաստանի անվտանգության երաշխիքը դեռևս մնում է ռուսական ռազմաբազան և ռուս սահմանապահները, որոնք, որպես անվտանգության գործոն, հետևողականորեն դուրս են մղվում տարածաշրջանային քաղաքականությունից և, ամենայն հավանականությամբ, շատ արագ կդադարեցնեն իրենց ներկայությունը տարածաշրջանում։

Իսկ Ռուսաստանի համար այս քաղաքականությունը երկիմաստ է թվում, քանի որ միանգամայն պարզ է, որ պաշտոնական Երևանի կողմից Ռուսաստանի հետ համագործակցությունը նվազագույնի կհասցվի կամ նույնիսկ կարող է ընդհանրապես դադարեցվել՝ հօգուտ նրա անմիջական թշնամիների, որոնք պատերազմ են մղում Ռուսաստանի հետ»,- եզրափակել է Կիրեևը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ