13 05 2020

Հարցը քաղաքական է․ եթե չի դատապարտվում, կարող է կրկնվել․ Էդմոն Մարուքյան



ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին այսօր հրավիրել էին Հատուկ քննչական ծառայություն՝ մայիսի 8-ին ԱԺ-ում իր և Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին բացատրություն տալու, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննության։ ՀՔԾ-ից դուրս գալուց հետո Էդմոն Մարուքյանը պատասխանեց լրագրողների հարցերին.

«Գլխավոր դատախազությունը տեսանյութերի հիման վրա նյութեր է ուղարկել ՀՔԾ: Որոշում է կայացվել դատաբժշկական փորձաքննության, սրանից առաջ դատաբժշկի մոտ եմ գնացել, հետո եկել եմ այստեղ ու բացատրություն եմ տվել: Ասել եմ այն, ինչ երևում է տեսանյութերում, քննիչի հարցերը դրանց մասին էին, իմ պատասխանները՝ նույնպես, նյութերի մեջ պետք է դա գրվի: Հարցաքննությունը տևեց երկու ժամ»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Լրագրողի հարցին, թե այս գործի հետ կապված ի՞նչ ակնկալիք ունի, Մարուքյանը պատասխանեց.

«Իմ ակնկալիքը քաղաքական է, հարցը քաղաքական է, քաղաքական հետևանք պետք է ունենա, որովհետև եթե դա չի դատապարտվում քաղաքական մակարդակում, դա կարող է կրկնվել, և ամեն մի պատգամավոր կարող է ելույթ ունենալուց առաջ իր մտքով անցկացնել, որ կարող են իրեն խփել, բռնություն կիրառել իր կարծիքի, իր հայտարարության համար»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ