Այն ծանր պահը, երբ մի կեսդ թաքուն ուրախանում է, որ անդադար անձրև է, և գոնե եղանակը կստիպի մարդկանց մնալ տանն ու կանխել վարակի տարածումը, իսկ մյուս՝ քաղաքապետ կեսդ մտածում է. ասֆալտս մնաց, վարորդները բողոքում են, խոտը բարձրացավ, հնձել չի լինում, ծաղիկները մնացին, չի լինում տնկել, նոր լուսատուները չի ստացվում տեղադրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Նա մասնավորապես նշել է.
«Ակամայից հիշում ես, որ երբ պաշտոնյա չէիր, անձրևոտ օրն արթնանալիս առավելագույնը մտածում էիր ինչ հագնել և չմոռանալ անձրևանոց վերցնել, իսկ հիմա մտածում ես՝ ասֆալտապատում նորից չի լինում սկսել, էն փողոցներում տարիներ շարունակ ջրահեռացման համակարգեր չեն կառուցվել, լճեր են առաջանալու, բնակկոմունալի աշխատակիցները մնացին անձրևի տակ, շենքերի տանիքները սկսեցին կաթալ: Պաշտոնյա լինելը, հավատացեք, բարդ է, որովհետև բոլորիդ հոգսերը մեր հոգսերն են, բյուջեն քիչ է, ձեր խնդիրներն ու պահանջները՝ անթիվ, պաշտոնն էլ շքեղություն չէ, այլ ցածր աշխատավարձ և ծանր ծառայություն: #բարձրաձայնմտքեր»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը