Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների դեպքում ազգությունը շահարկելն անթույլատրելի է: Այդ մասին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է դեսպանատան սոցցանցի էջում՝ տեսաուղերձի ժամանակ։
«Մենք բախվել ենք մեծ աղետի հետ: Կորոնավիրուսի պանդեմիան փոխում է երկրների, մարդկանց կյանքերը: Առանձնահատուկ խնդիրների առաջ են կանգնած մարդիկ, որոնք ստիպված են մնալ արտերկրում: Քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու մասին հարցը կառավարության, ԱԳՆ-ի եւ Ռուսաստանի այլ իրավասու դաշնային մարմինների ուշադրության կենտրոնում է»,-ասել է Կոպիրկինը:
Միևնույն ժամանակ այդ խնդրի լուծումն ուղղակիորեն կապված է համաճարակաբանական իրավիճակի զարգացման հետ:
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, ստիպված էին սահմանափակել հաղորդակցությունն այլ պետությունների հետ:
«Տվյալ պահին ժամանակավորապես դադարեցված է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ավիահաղորդակցությունը, փակ է ցամաքային տրանզիտը Վրաստանի տարածքով: Այդուհանդերձ, կատարվում է անդադար, քրտնաջան, երբեմն աննկատ աշխատանք այդ խնդրի լուծման ուղղությամբ»,-ասել է Կոպիրկինը:
Ծավալուն աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ Ռուսաստանի քաղաքացիների երկու խումբ վերադարձնել հայրենիք Վրաստանի տարածքով:
«Այժմ կրկին քննարկվում է հնարավորությունը Վրաստանի տարածքով մեր քաղաքացիների տրանզիտի համար: Դրա կարգն ու պայմանները որոշում է վրացական կողմը, որը ելնում է երկրում համաճարակաբանական անվտանգության նկատառումներից»,-ասել է դեսպանը: Դիտարկվում են նաև ավիաչվերթների հնարավորությունները Ռուսաստանի քաղաքացիներին տեղափոխելու համար:
«Հարգելի հայրենակիցներ, մեզ համար շատ կարևոր է հետադարձ կապը, շփումը Ձեզ հետ: Այդ առնչությամբ դեսպանատունն իր երախտիքն է հայտնում Ռուսաստանի այն քաղաքացիներին, որոնք ըմբռնումով են մոտենում մեր աշխատանքին, գիտակցում են, որ ստեղծված աննախադեպ իրավիճակում բոլորը՝ դիվանագիտական առաքելության աշխատակիցները, ԱԳՆ և այլ դաշնային իշխանության մարմինների աշխատակիցներն անում են հնարավոր ամեն ինչ ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»,-ասել է Կոպիրկինը:
Նա նաև շնորակալություն է հայտնել հայ գործընկերներին այդ հարցում աջակցության համար:
Մինչդեռ, դեսպանի խոսքով, ժամանակ առ ժամանակ դեսպանատանը մեղադրում են անգործության և քաղաքացիների շահերն արհամարհելու մեջ: Կոպիրկինը նշել է, որ դիվանագիտական առաքելության աշխատակիցները փորձում են պատասխանել բոլոր հաղորդագրություններին, որոնք իրենք ստանում են մեծ քանակությամբ:
Նա նշել է, որ սոցիալական ցանցերում երբեմն հայտնվում է տեղեկատվություն, որը խեղաթյուրում է իրականությունը և միտված է աշխատանքի սաբոտաժին, որն իրականացնում է դեսպանատունը քաղաքացիների խնդիրները լուծելու ուղղությամբ:
«Կցանկանայի ընդգծել, որ ստեղծված բարդ իրավիճակից ելք փնտրելու ընթացքում անթույլատրելի շահարկումներն ազգային հողի վրա: Ես անգամ կասեի՝ ազգամիջյան տարբերություն սերմանելը: Դա արժանի քայլ չէ մեր եղբայրական ժողովուրդների համար»,-նշել է Կոպիրկինը:
Նա նշել է, որ ՌԴ անձնագրերն ունեն միանման կշիռ անկախ դրանցում նշված ազգանունների:
Դիվանագետը կոչ է արել ուղղորդվել տեղեկատվությամբ, որը հրապարակվում է դեսպանատան պաշտոնական ռեսուրսներում: Համընդհանուր աղետը, նրա խոսքով, հնարավոր է հաղթահարել համատեղ ջանքերով:
«Վստահ եմ, որ կառուցողական փոխգործությունը, որին մենք կոչ ենք անում, կօգնի մեզ գտնել ուղիներ ձեր՝ տուն վերադառնալու համար»,-ասել է Կոպիրկինը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը