Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կոչ է արել հարգել հերոս նախնիների պատմությունն ու հիշատակը։ Այս մասին դիվանագետը հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
Հայկական դպրոցների պատմության նոր դասագրքում եղած ձևակերպումներին վերաբերող հարցին պատասխանելով՝ դեսպանը հիշեցրել է, որ ՌԴ ԱԳՆ-ն արդեն մեկնաբանություն է արել՝ ներկայացնելով ռուսաստանյան կողմի դիրքորոշումը։
Արտահայտելով իր սեփական տեսակետը՝ Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ պատմության գիտակցումը նորմալ գործընթաց է, այդ թվում՝ ելնելով այն գործընթացներից, որոնք այժմ են տեղի ունենում, այն խնդիրներից, որոնք կանգնած են երկրների ու ժողովուրդների առջև։
«Սակայն այս հարցում կարևոր են մի քանի գործոն՝ ազնվությունը, ձգտումը և պատեհապաշտական նկատառումներից խուսափելու պատրաստակամությունը, որոնք, գուցե, այսօր նպատակահարմար են թվում, բայց վաղը իրավիճակը կարող է փոխվել, շատ կարևոր է պահպանել առանցքը, և կարևոր այլ բան՝ բարոյականությունը, նախնիների հիշատակի, նրանց սխրագործությունների հանդեպ հարգանքը: Սա առավել կարևոր է մեր երկրների պատմության դեպքում, այդ պատմությունը բարդ է եղել, պահանջել մեծ զոհողություններ և նվիրում»,- ընդգծել է դեսպանը՝ հավելելով, որ պատմությունը ներկայի և ապագայի կարևոր մասն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը