15 04 2020

ՀՅԴ-ն արդարացված է համարում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վեհափառի հորդորը

ՀՅԴ-ն արդարացված է համարում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վեհափառի հորդորը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել,  որում ասվում է․

Հայրենակիցներ,

Երկրում արտակարգ դրություն է, որը ենթադրում է համարժեք կեցվածք բոլորի` թե՛  իշխանությունների, թե՛ քաղաքական դաշտի, թե՛ հասարակության կողմից: Համաճարակի, դրա հետևանքով առաջացած բազմաթիվ առկա ու սպասելի առողջապահական, տնտեսական,  սոցիալական և այլ մարտահրավերների լուծումը պահանջում է բոլոր ուժերի ու կարելիությունների համախմբում: Միայն համախմբման ու փոխօգնության ճանապարհով մենք` որպես պետություն ու ժողովուրդ, կկարողանանք հաղթահարել այս տագնապը:

Այս գիտակցությամբ ու համոզմունքով է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը արտակարգ պայմաններում գործում արտակարգ ռեժիմով` հնարավորին օգնությունը ցուցաբերելով մեր հայրենակիցներին և իրավիճակի հաղթահարման իր առաջարկները ներկայացնելով կառավարությանը:

Ցավոք, համախմբվելու և հիմնախնդիրները միասնաբար հաղթահարելու այս գիտակցությունն իշխանության կողմից առայժմ ոչ միայն չի կարևորվում ու չի կազմակերպվում, այլև հակառակը` շարունակվում է հասարակությունը պառակտելու հին, արատավոր ու խիստ վտանգավոր գործելաոճը: Իշխանության քաղաքական շահախնդրություններն արդեն անցնում են զուտ մարդկային, բարոյական ու արժեհամակարգային բոլոր սահմանները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը համաճարակի այս պայմաններում փոխելու` զուտ մարդկային, բարեսիրական, բարոյական ու միանգամայն արդարացված հորդորով: Ցավոք, այդ մարդասիրական հորդորը դեռևս ոչ միայն պաշտոնական պատասխանի չի արժանացել, այլև կազմակերպված կերպով սանձազերծվել է տգեղ ու անբարոյական քարոզարշավ Հայոց Հայրապետի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարում է.

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հերթական այս արշավը անթույլատրելի է ու խիստ վտանգավոր` դա նենգ ու թշնամական հարված է պետությանն ու ժողովրդին:
Իշխանություններից պահանջում ենք հստակ դիրքորոշում հայտնել այս կապակցությամբ և համապատասխան վերաբերմունք դրսևորել նմանօրինակ կեցվածք ցուցաբերած քաղաքական, պետական, հանրային գործիչների հանդեպ:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգային արժեքների դեմ ցանկացած ոտնձգություն մեր կողմից արժանանալու է համարժեք պատասխանի: 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

15.04.2020 թ.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ