03 04 2020

Ռոբերտ Քոչարյանը պետք է գտնվի մշտական բժշկական հսկողության ներքո. Հովհաննես Խուդոյան. «Փաստինֆո»

Ռոբերտ Քոչարյանը պետք է գտնվի մշտական բժշկական հսկողության ներքո. Հովհաննես Խուդոյան. «Փաստինֆո»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դիմել է Քրեակատարողական ծառայության պետին՝ ստեղծված համաճարակային իրավիճակում Ռոբերտ Քոչարյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակահարմարության և նրա առողջության անվտանգության հարցի հետ կապված։ Փաստաբանական թիմը մտահոգված է, որ ՔԿՀ-ում հնարավոր է խնդիրներ առաջանան։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրել է, որ սպասում են ՔԿԾ պետի պատասխանին՝ տեսնելու, թե ինչ լուծումներ են տեսնում:

Բացի այդ՝ փաստաբանը տեղեկացրեց, որ անհրաժեշտ է մշտական բժշկական հսկողություն և վստահ չէ, որ ՔԿՀ-ն կկարողանա ապահովել բոլոր պայմանները:
«Մանավանդ, որ մինչ այդ տրված բոլոր հավաստիացումները, որ միջոցառումները կանխարգելում են վարակի մուտքը ՔԿՀ՝ փուչիկ են դարձել: Արդեն փաստն ունենք: Այդ պայմաններում անձի առողջությունը, կյանքը որևէ ձևով ապահովված չէ և խոսքը միայն Ռոբերտ Քոչարյանի մասին չէ, այլ՝ ցանկացած կալանավորի կամ դատապարտյալի»,- նշել է Խուդոյանը:

Փաստաբանը նշել է, որ եթե ՔԿՀ-ների վարչակազմը մեկուսացված չէ, այսինքն՝ շփվում են արտաքին աշխարհի հետ՝ թեկուզ նվազագույն չափով, ապա հիվանդության տարածման դեպքում բացառվում է, որ հիվանդությունը մուտք չգործի ՔԿՀ:

Նա պատահական չհամարեց, որ ԵԽ՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն հանձնարարական է տվել՝ առաջարկելով պետություններին՝ անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները փոփոխել: Խուդոյանի խոսքով՝ մեզ մոտ պետական այդ մոտեցումը չկա :

«Առանձին դատավորներ իրենց մեջ այդ ուժը գտնում են: Դա համակարգային լուծում չի տա, բայց արդեն նախադեպեր են ստեղծում նաև այն գործերով, որոնցով բազմիցս մերժել էին կալանքից ազատ արձակելու մասին միջնորդությունները։ Անգամ այդ գործերով կալանավորների խափանման միջոցները փոխում են՝ հաշվի առնելով և հատուկ շեշտելով կորոնավիրուսի ռիսկերը »,- ասել է Խուդոյանը՝ հավելելով, որ դատարանները պետք է սեփական նախաձեռնությամբ կատարեն հանձնարարականը, եթե պետությունը չի կատարում այն:

Դիտարկմանը, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի մի քանի դատավոր սեփական նախաձեռնությամբ փոփոխել են կալանավորների խափանման միջոցները՝ փոխարինելով այն գրավով, մինչդեռ՝ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը, որն արդեն ներկայացվել է , դեռ չի քննարկվել, Խուդոյանը պատասխանել է, որ այս դեպքում նույնիսկ դատարան չկա, որ քննարկման առնի:

«Այսինքն՝ դատարան կա, բայց ես տեսնում եմ, որ դիտավորություն կա՝ այդ գործընթացը հեռաձգելու, որովհետև թե՛ օրենսդրական կարգավորումներն են թույլ տալիս հարցը հրատապ քննարկել, թե՛ ընթացակարգերը, թե՛ տեխնիկական ու մարդկային ռեսուրսները, բայց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դա ուղղակի չի անում, հրաժարվում է դա անել»,- նշել է Խուդոյանը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ շուրջ մեկ ամիս բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալուց հետո Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել ՔԿՀ: Փաստաբանները գտնում են, որ նման պայմաններում Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա պահվի ՔԿՀ-ում, որտեղի աշխատակիցները դեռ չեն հանձնել կորոնավիրուսի թեստը։

Նշենք, որ «Վարդաշեն» ՔԿՀ Պահպանության բաժնի աշխատակիցների մոտ արդեն հայտնաբերվել է կորոնավիրուս: Ստեղծված իրավիճակով պայմանավորված դատավորներ Դավիթ Հարությունյանը և Արման Հովհաննիսյանը սեփական նախաձեռնությամբ՝ իրենց վարույթում գտնվող գործերից մի քանիսով փոփոխել են կալանավորված անձանց խափանման միջոցները՝ հաշվի առնելով ԵԽ հանձնարարականը, մինչդեռ՝ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացվել մարտի 16-ին և առ այսօր այդպես էլ քննության առարկա չի դարձել, քանի որ դատավոր Աննա Դանիբեկյանն առողջական խնդիրներ ունի, իսկ Երևանի դատարանի նախագահը հրաժարվել է միջնորդության քննությունը մակագրել այլ դատավորի:

Ընդ որում՝ Աննա Դանիբեկյանը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ ու հայտնի չէ, թե երբ է վերադառնալու աշխատանքի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ