ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը` նշելով, որ նոր քաղաքական կուսակցություն ստեղծելով` հանդես է գալու որպես ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:
«Նոր քաղաքական ուժը լինելու է կենտրոնամետ-աջ կենտրոնամետ ուժ, իսկ գաղափարախոսության ու ծրագրերի հիմքում ներդաշնակորեն կմիահյուսվեն ավանդույթներն ու առաջընթացը: Ներկա դրությամբ լայն խորհրդակցությունների գործընթացի մեջ ենք համախոհների և հնարավոր գործընկերների հետ, և միայն բոլոր հնարավոր քննարկումներից հետո կներկայացնենք հստակ ծրագրային դրույթներն ու հետագա գործողությունների «ճանապարհային քարտեզը»: Նոր քաղաքական ուժն ընդդիմություն կլինի»,- հայտարարել է Վանեցյանը:
Նրա խոսքով` ներկա դրությամբ Հայաստանում շատ խնդիրներ են առաջացել, որոնք լուծում են պահանջում, իսկ կառավարությունը հետ է կանգնել 2018 թվականի գարնան «թավշյա հեղափոխության» նպատակներից:
Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարի կարծիքով` Հայաստանում «հնարավոր չէ վերադարձ անցյալին»: Միևնույն ժամանակ Վանեցյանը դեմ է հասարակության շրջանում «ով մեզ հետ չէ, մեզ դեմ է» սկզբունքով կոշտ սահմանազատմանը. «Այս հենակետն այսօր, ինչպես երևում է, հարմար կանոն է դարձել գործող իշխանության համար, ինչը անթույլատրելի է իրավական պետություն ստեղծելու, իշխանության ճյուղերի տարանջատման և քաղաքացիական հասարակության տեսանկյունից: Իմ խորին համոզմամբ` այսօրվա Հայաստանում ծայրահեղականության ու ծայրահեղությունների համար տեղ պետք է չլինի: Սև-սպիտակ քաղաքական դաշտին այլընտրանք կա, աշխարհը լի է գույներով... Եվ մենք մտադիր ենք մեր ուրույն տեղն ունենալ ընդհանուր քաղաքական գունապնակում»,- նշել է ԱԱԾ նախկին ղեկավարը:
Նա նշել է նաև, որ «թավշյա հեղափոխության» օրերին Հայաստանում մարդիկ ցանկանում էին արդարություն, կենսամակարդակի բարձրացում, որակյալ ծառայություններ կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներում:
«Խոստացան և չարեցին»,- նշել է գործակալության զրուցակիցը:
«Լայն հասարակական համախմբման փոխարեն, առանց որի Հայաստանը չի կարող հաղթահարել երկրի ու հասարակության առաջ ծառացած սպառնալիքները, մենք ստացանք նոր ներքին ճեղքումներ, բաժանումներ «սևերի ու սպիտակների», «հների ու նորերի», «համաձայնների և ոչ այնքան համաձայնների», որոնք անողոքաբար կռվում են միմյանց դեմ համընդհանուր ատելության մթնոլորտում: Առանձին թեմա է ուժային կառույցներում այս ամենի անթույլատրելիությունը»,-ասել է Վանեցյանը:
Վանեցյանը նշել է, որ 2019 թվականին, երբ նա լքեց ԱԱԾ տնօրենի պաշտոնը, իր և Նիկոլ Փաշինյանի տարաձայնություններն անհաղթահարելի էին դարձել:
Նա խոսել է նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին:
Ըստ նրա` Ռուսաստանը մնում է ու կմնա Հայաստանի ռազմավարական գործընկերը, և որ երկու երկրների շահերից է բխում մնալ հուսալի և կանխատեսելի գործընկերներ: Նրա խոսքով` Երևանն ու Մոսկվան պետք է պահպանեն եղբայրական և ռազմավարական հարաբերությունների բազմադարյա պատմությունն ու կուտակված ներուժը և զարգացնեն դրանք ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ և ՀԱՊԿ բազմակողմ ձևաչափերում:
«Այսօր Հայաստանի իշխանության ղեկին շատերն են նրանցից, ովքեր ընդդիմություն եղած ժամանակ ագրեսիվ կերպով հանդես էին գալիս հակառուսական դիրքորոշմամբ, ընդհուպ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին օրինագիծ ներկայացնելը: Նրանք հայտարարում էին, որ ԵԱՏՄ-ն սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը: Այսօր նույն այդ մարդիկ ամեն հարմար առիթ օգտագործում են ընդգծելու համար ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կարևորությունն ու կազմակերպության հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը»,- հայտարարել է Վանեցյանը` նշելով, որ «իրական քաղաքականությունն ու պոպուլիզմը անհամատեղելի են:
«Բացթողումների և չիրականացած հնարավորությունների մասին կարելի է անվերջ խոսել, թյուրիմացություններ լինում են նույնիսկ ամենասիրով ընտանիքներում: Բարեբախտաբար, մեր ժողովուրդներին միշտ բավարարել է իմաստությունը` հաղթահարելու հարաբերություններում բոլոր դժվարությունները: Համոզված եմ, հիմա էլ կբավարարի: Կամք ու իմաստություն է հարկավոր, և մեր ժողովուրդները դա ունեն: Ես պետք է ընդգծեմ, որ մեր հարաբերություններն ավելին են, քան առանձին վերցրած քաղաքական գործիչների կամ նույնիսկ քաղաքական ուժերի հարաբերությունները: Այդ հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն և կունենան բազմադարյա ապագա»,-նշել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը