Փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է․
«Պետական, քաղաքական գործչի ու առաջնորդի համար ամենակարևորագույն գործառույթներից մեկը նրա հրապարակային գործունեությունն է և հրապարակային խոսքն ու հաղորդակցումը հանրության հետ:
Իմ պատկերացած պետական գործիչը պետք է օժտված լինի հավասարակշռվածությամբ, զսպվածությամբ, լայնախոհությամբ, այլ կարծիքների նկատմամբ հանդուրժողականությամբ, զինված լինի համբերատարությամբ, ունակ լինի ինչպես հարվածներ հասցնելու, այնպես էլ հարվածներ ընդունելու և սեփական սխալներն ընդունելու կարողությամբ, ձերբազատված լինի մեծամտությունից և սեփական անսխալականության բարդույթից:
Պետական ու քաղաքական գործիչը պետք է հարգանք ունենա սեփական խոսքի նկատմամբ, արժևորի այն, գիտակցի հրապարակային ասված խոսքի արդյունքում հանրության ընալման աստիճանն ու դրա հետևանքները:
Երբ տարիներ առաջ Սերժ Սարգսյանն ասում էր՝ ՛՛Ինչքան ուզենք, էնքան կխփենք՛՛, հարյուր հազարավոր քաղաքացիներ արդարացիորեն դժգոհում էին՝ թե արդյո՞ք սա երկրի ղեկավարի պահվածք ու վարքագիծ է:
Ահա այդպիսի պահվածքն ու վարքագիծն է ժամանակի ընթացքում արժեզրկում պետական, քաղաքական գործչի ու առաջնորդի խոսքը, անլրջացնում նրան, իսկ վերջում՝ մերժում:
Ոմանց թվում է, որ եթե իրենք հաղթել են մեկ անգամ, ուրեմն կհաղթեն մշտապես: Սա մեծագույն մոլորություն է, և այդ ընկալումը դարձել է շատերի գերեզմանափորը:
Պետք է տարրական հարգանք ունենալ հասարակության նկատմամբ և այն վստահության նկատմամբ, որ տվել է այդ հասարակությունը:Ընդհանրապես, երբ խոսքի արժեքը սկսում է ոչնչացվել, աստիճանաբար այն արտաբերողի նկատմամբ լրջությունը սկսում է նվազել, ավելին՝ նվազում է նաև նրա խոսքի լեգետիմությունը:
Այսպե՞ս են ղեկավարում պետություն: Այսպես գնում են ոչ մի տեղ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը