ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԺ-ում անդրադառնալով բանակցային գործընթացին, նշեց․
«Մենք բանակցություններ ենք վարում Ադրբեջանի հետ, եւ մենք բանակցություններ ենք վարում սեփական դիրքերից։ «Եթե մյուս կողմը համարում է, որ ունի նման հնարավորություն, ապա մենք առավելեւս պատրաստ ենք։ Ես կուզեի ընդգծել, որ բանակցային գործընթացում խաղաղության ապահովման գործում կարևոր բաղադրիչը կապված է լարվածության ռիսկերի նվազման հետ։ Եւ մենք որոշակի հաջողություններ ունենք այս ուղղությամբ։ Մենք ունենք ուղիղ գիծ, որը երկու երկրների առաջնորդների միջեւ անձնական համաձայնության արդյունք է»,- ասաց Մնացականյանը՝ հավելելով, որ երկու երկրների հասարակություններին խաղաղության նախապատրաստելու գործընթացը նույնպես չափազանց կարեւոր է։
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը առաջիկայում հանդիպելու պայմանավորվածություն ունեն:
«Մենք պատրաստ ենք հանդիպման: Որոշ պայմանավորվածություններ ունենք, փորձում ենք համանախագահների և մյուս կողմի հետ միասին ուրվագծել, թե ինչպես ենք աշխատելու այս տարվա ընթացքում: Ինչ վերաբերում է հանդիպմանը, մենք միշտ հետևում ենք այն սկզբունքին, որ հայտարարում ենք համաձայնեցված ձևով: Ունենք պայմանավորվածություն, որ մոտ ժամանակներս կարող ենք հանդիպել: Մեր կողմից արտահայտվել է այն դիրքորոշումը, որ անկախ ամենից պատրաստ ենք բանակցել ցանկացած պահի»,- ասաց Մնացականյանը:
Նախարարը նշեց, որ չափազանց կարևոր է համարում Արցախի Հանրապետության մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցության հարցը շարունակում է մնալ օրակարգային, այն պատճառներով, որոնք մենք բազմիցս բացատրել ենք: Չափազանց կարևոր է բանակցություններին այն սուբյեկտի անմիջական մասնակցությունը, որն ունի ընտրված իշխանություն, սուբյեկտ է, քաղաքական միավոր»,- ասաց Մնացականյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը