Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ 2019թ. տվյալներով մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից:
«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով Հայաստանն առաջին անգամ առաջ է անցել Վրաստանից: Նման բան տեղի չէր ունեցել ո՛չ իմ, ո՛չ էլ նույնիսկ Շևարդնաձեի կառավարման տարիներին, նման բան տեղի չէր ունեցել Տիգրան Մեծից հետո։ Չկա որևէ հիմք՝ ոչ աշխարհագրական, ոչ էլ ռեսուրսների առումով, թե ինչու պետք է Հայաստանի բնակիչը ավելի շատ եկամուտ ունենա, քան Վրաստանի: Սակայն այս «հնարքը» Վրաստանում իրականացրեց Իվանիշվիլին։
Եկեք խոսենք Շևարդնաձեի նախագահության ավարտի ցուցանիշների մասին։ Վրաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում էր 1000 դոլար, սակայն այդ ցուցանիշն իմ կառավարման տարիներին քառապատկվեց՝ հասնելով 4000-ի: Եթե 2012-ին Վրաստանում իշխանությունը չփոխվեր, ապա Վրաստանն այժմ կլիներ Հունաստանի կամ Խորվաթիայի մակարդակի երկիր։ Եվ մեր ընտանիքները ստիպված չէին լինի լքել երկիրը և գնալ աշխատանք փնտրելու։ Ինձնից հետո Վրաստանի ՀՆԱ-ն չի փոխվել ու հնարավոր է, որ ավելի աղքատ է երկիրը, քան իմ կառավարման տարիներին։
Այսօր, երբ օտարերկրացուն հարցնում են՝ Վրաստանը ինչ պետություն է, ասում են՝ Վրաստանը մի պետություն է, որը Հայաստանից աղքատ է, և ձմեռային հանգստավայրերում չկա ջուր: Իվանիշվիլին կարողացավ այնպես անել, որ Վրաստանը բոլոր չափանիշներով դարձավ ավելի խղճուկ, քան մեր հարևանը: Այս ամենը պետք է շուտ ավարտվի, Վրաստանին պետք է առաջընթաց և զարգացում»,- ասել է է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը