Փաստաբան Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արմեն Թավադյանին բռնե՞լ էին հանցանքի կատարման պահին, թե՞ վերջինիս փախուստը կանխելու նպատակով։
Զավեշտ է՝ ենթադրյալ հանցագործության կատարողի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը, մինչդեռ նույն ենթադրյալ հանցագործության մեջ անհիմն կասկածվող Թավադյանին ձերբակալել են թե՛ քրեական գործում փաստերի, թե՛ ողջամիտ տրամաբանության բացակայության պայմաններում՝ ակնբախ թքելով ձերբակալության օրենսդրական ամենապարզ կարգավորումների վրա, հետևություն՝ այս էժան, անմիտ ու նույնիսկ տակավին կույրի համար տեսանելի բեմականացումն ունի մեկ նպատակ՝ կազմաքանդել, ճնշել, գլխատել օրեցօր հզորացող և իշխանության կենսունակության համար հետզհետե ավելի վտանգավոր դարձող պետականամետ դաշտի առաջխաղացումը։
Չե՛ն ծանուցել, չե՛ն հրավիրել, պարզապես որոշել են ձերբակալել, ձերբակալել են, իսկ նման որոշումները գաղտնիք չէ, որ շուրջ մեկուկես տարի է՝ կայացվում են ըստ քաղաքական նպատակահարմարության և ոչ երբեք իրավական տրամաբանությամբ՝ համապատասխան հիմքերի ու հիմնավորումների առկայությամբ. արդարադատությունն այլևս անիմաստ ակնկալիք է։
Թավադյանը Քոչարյանի ընկերն է, ի դեմս Ռոբերտ Քոչարյանի՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն արդարադատության, անվտանգության, բարեկեցության մղվող պայքարի բացառիկ առաջամարտիկներից, և քանի որ ներկա իշխանությունն անհամատեղելի է թե՛ ընկերություն, թե՛ պետականություն եզրույթների հետ, պարզ է դառնում՝ Թավադյանն, ինչպես Քոչարյանը պետք է լինի մեկուսացված՝ դասակարգային տարբերության խնդիրն է։
Իսկ ո՞ւր էին ներկաներն այնժամ, երբ Քոչարյանն ու Թավադյանն Արցախ էին ազատագրում, պետություն կառուցում, ճի՛շտ է՝ դասական դասալիքի օրինակով ճողոպրել էին պատերազմից՝ խրամատում թողնելով բյուրավոր հայրենանվեր հայորդիների ու լծված էին էժանագին կլյաուզաներ գրելու ամոթալի գործին։ Առավել քան պարզ է՝ իշխանությունն ակնհայտ պարտվողական խաղադրույք է կատարել՝ հետապնդումներով, անազատությամբ ցանկանում են կոտրել անհատների, ովքեր կամքով են ազատ, չե՛ն հաջողելու՝ հաղթական ուղին մեկնարկեց այն գիշեր, երբ կալանավորվեց Արցախի Առաջին, ՀՀ Երկրորդ Նախագահ Քոչարյանն, իսկ Քոչարյանի կողքին իր կառույցի մարդիկ են՝ կամային, սկզբունքային տոկուն ու անկոտրում։
Ավելորդ եմ համարում նշել՝ Թավադյանը տրամադրված էր մարտական, ընկճված բառն իր նկատմամբ որևէ կերպ կիրառելի չէր, ավելին՝ մի բան էլ իրական դուխ տվեց ու մեջքն ուղիղ անցավ պայքարի այլ ձևաչափի՝ քաղբանտարկյալները Հայաստանում այլևս ավելի զորեղ են, քան օրվա սնանկ իշխանությունը։
Հ.Գ. Ազատությու՜ն և Հաղթանա՜կ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը