«Իմ Ձայնը» նախագծի անդամ Վիգեն Երեմյանն իր հոդվածում գրել է.
«Ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը շուրջ 220 միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, ինչպես նաև՝ Հայաստանում փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման համար։ Այս հիմնադրամը գործունեության ընթացքում՝ 1998-2011 թվականներին, իրականացրել է մոտ 242 մլն. դոլարի ծրագիր, որից 20 մլն. դոլարը տրամադրվել է ձեռներեցներին՝ որպես վարկ։
Լինսի հիմնադրամն անկախ Հայաստանի պատմության մեջ ունեցել է շրջադարձային դերակատարում։ Հայաստանը մինչև այդ ծրագրերի իրականացումը այլ որակի պետություն էր, դրանց արդյունքում՝ լրիվ այլ, մի մեծ քայլ առաջ։
Սա ծանր փուլային աշխատանք էր. պետք էր համոզել Քըրք Քրքորյանին, պետք էր ընտրել ճիշտ ծրագրեր, պետք էր իրականացնել բուն աշխատանքը, պետք էր ապահովել պատշաճ վերահսկողություն։ Ցանկացած փուլի տապալումը հարցականի տակ էր դնելու ողջ ծրագիրը. պետության ու անձամբ նախագահ Քոչարյանի համար սա հեղինակության խնդիր էր։ Շատ հետաքրքիր է, որ ծրագրի իրականացման տարիներին այս լեգենդը չկար. հաջողությունը, աշխատանքի տեմպերը և արդյունքները կասկածի տակ չէին դրվում։ Արդյունքը տեսանելի էր և փաստերի առկայությունն ամենալավ PR-ն էր։ Այդ հետո միայն, տարիներ անց, սկսեց հյուսվել լեգենդը, թե «Քոչարյանենք կերան Լինսիի փողերը»։ Ի դեպ, ոչ այդքան սուր, բայց մինչ այժմ էլ այդ լեգենդը ուժի մեջ է։ Թերթելով այն ժամանակվա մամուլը, պարզ է դառնում, որ լրատվամիջոցներից այդ լեգենդի ստեղծման առաջամարտիկը «Հայկական Ժամանակ» օրաթերն էր, իսկ թեմայի կրողները՝ նախկին ՀՀՇ-ական շրջանակները։
Հիմնադրամի գործունեության հենց առաջին տարիներից մամուլը հեղեղված էր ստահոդ «վերլուծություններով»: Սկզբում գրում էին, թե ոչինչ չի արվում, հետո թե՝ արվում է, բայց լավ չի արվում, հետո էլ, թե գործ անելու փոխարեն փողեր են «լվանում»:
Երբ սկսած ծրագրերը սկսեցին շոշափելի դրական արդյունքներ տալ, այդ «վերլուծությունները» կորցրին իրենց ակտուալությունը եւ շրջանառության մեջ դրվեց բամբասանքի մի ողջ շարան, որոնց հիմնական առանցքը հետեւյալն էր. «իշխանությունները մսխում են «Լինսի» հիմնադրամի փողերը»։ Ի պատասխան՝ Քըրք Քըրքորյանն անձամբ էր նամակ ուղարկել՝ ասելով, թե որքան հպարտ է կատարված աշխատանքով եւ գնահատում է այն։
Ռոբերտ Քոչարյանի ջանքերով հաջողվեց Հայաստան բերել հսկայածավալ ներդրումներ, մեր երկրի ողնաշարն ամրապնդելուն ուղղված հսկայածավալ աշխատանք կատարվեց, որը թույլ տվեց ամրապնդել նաեւ մեր պաշտպանունակությունը: Հայաստանի համար բեկումնային փուլը սկսվել է 2001 թվականից, երբ Լինսի հիմնադրամի ծրագրերը սկսեցին մեկը մյուսի հետեւից կյանքի կոչվել։ Ավելի քան 200 մլն. դոլարի ծրագիր. ճանապարհաշինություն, մշակութային հաստատություններ, ճանապարհների ու շենքերի հիմնանորոգում, կամուրջներ, թունելներ, հազարավոր բնակարաններ՝ աղետի գոտու համար, մոտ 30 դպրոց, այդ թվում մեկն՝ Արցախում։
Այս ծրագրերը զուտ մարդասիրական չէին. սա մեծ ներդրում էր Հայաստանի տնտեսության մեջ, սոցիալական կյանքում։ 73 միլիոն` ճանապարհաշինարարական եւ 14 միլիոն դոլար` Երեւանի փողոցների բարեկարգման աշխատանքներին, 45 միլիոն դոլար՝ աղետի գոտու բնակֆոնդի վերականգմանը, ինչի շնորհիվ Շիրակի եւ Լոռու մարզերում կառուցվեց 149 շենք, ընդհանուր` 3 հազար 674 բնակարանով: 18 միլիոն դոլար՝ մշակութային ծրագրերին. ընդհանուր առմամբ հիմնովին վերականգնվեց 34 մշակութային հաստատություն` 13 թատրոն ու համերգասրահ, 7 թանգարան, ցուցասրահ, 9 տուն-թանգարան, 4 պատմամշակութային համալիր եւ Ծաղկաձորի համահայկական մարզական երիտասարդական ճամբարը:
Այդ ծրագրերից ամեն մեկը երկրի համար ունի կարևորագույն նշանակություն՝ թե՛ անվտանգության, բարեկեցության, թե՛ երկրի ընդհանուր մակարդակի առումով։
Քչերը գիտեն, թե Քոչարյանից ինչ է պահանջվել Սելիմի լեռնանցքի շինարարությունը իրականացնելու համար՝ ինչ արտաքին խոչընդոտներ են եղել։ Սելիմի լեռնանցքն ունի աննկարագրելի նշանակություն՝ երկրի անվտանգության համար։
Խոշոր ծրագրերից առանձին հիշատակման կարիք ունեն նաև Դիլիջանի թունելը, Աշտարակի կամուրջը, Դիլիջան-Վանաձոր մայրուղին՝ իր ճյուղավորումներով։ Հայաստանի մշակութային ենթակառուցվածքները բառիս բուն իմաստով քայքայված էին. երկրում չկար գեթ մեկ նորմալ համերգասրահ, թատրոն։ «Լինսի» հիմնադրամով հնարավոր եղավ վերակենդանացնել Հայաստանի մշակութային կյանքը՝ տասնյակ վերանորոգված թատրոններ, վերազինված համերգասրահներ և այլն։
Այս բոլոր ծրագրերը կյանքի կոչվեցին Ռոբերտ Քոչարյանի եւ Քըրք Քըրքորյանի մի քանի հանդիպումների արդյունքում ձեւավորված «Լինսի» հիմնադրամի 13 տարվա գործունեության արդյունքում։ Քըրքին համոզել էր պետք, իսկ դրա միակ տարբերակը վստահությունն էր։ Սա այն ամենակարևորն էր, ինչը հաջողվեց Քոչարյանին։
Սա այն եզակի հիմնադրամներից է, որի ծրագրերը 100 տոկոսով ավարտվել են, որտեղ ոչ մի գումար ավելորդ չի ծախսվել եւ մինչեւ վերջ ծառայել է նպատակին։
Իսկ ինչ վերաբերում է «Լինսի» հիմնադրամի փակման պատճառներին, ապա այն լավագույնս պարզաբանել է 1997-2008 թթ. «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ, այժմ՝ «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր եւ հրատարակիչ Հարութ Սասունյանը, որը բավական խորը տիրապետում է ներքին խոհանոցին։
Դեռ փակվելուց մոտ տասը տարի առաջ Քըրքորյանը խոսելիս է եղել փակման նպատակի մասին.
«Քըրքորյանը միշտ ասում էր ինձ եւ իր մտերիմ աշխատակիցներին, որ երբ իր տարիքն ավելի հասունանա, ինքն այլեւս չի ցանկանա զբաղվել ամենօրյա բարեսիրական ծրագրերով։ Եվ ասաց, որ երբ որ մի տարիքի հասնի, ինքը հիմնադրամը կփակի եւ իր հարստությունը կթողնի կտակի մեջ՝ հետմահու օգտագործման համար։ Այդպես տարիներ անցան, աշխատեցինք, ինքը եկավ տեսավ իրականացված ծրագրերը, մեծապես տպավորված էր, շատ ուրախ էր, եւ ոչ մի պրոբլեմ չկար։ Այդ բոլոր պատմությունները որ պատմում են, թե նեղացել է, գողացել են, կողոպտել են, դրանք բոլորը սուտ են։ Քըրքորյանն ինքը շատ խելացի բիզնեսմեն էր, դրանք իր փողերն էին, եւ եթե տեսներ, որ մի կոպեկ կորել է, անմիջապես կդադարեցներ ամեն ինչ։ Բայց ինքը շարունակեց այնքան, մինչեւ որ ամեն ինչ ավարտվի։ Եվ երբ բոլոր ծրագրերն ավարտվեցին, ինքն այդ ժամանակ 95 տարեկան էր եւ այլևս չէր ուզում զբաղվել այդ գործով։ Եթե ինքը Հայաստանից նեղացած լիներ, ինքը կասեր, որ այլեւս փող չի տալու Հայաստանին, բայց կշարունակեր «Լինսի» գործունեությունը եւ փող կտար միայն ամերիկացիներին»։
Վերը նշված փաստերը լիովին բավարար են «Լինսի» հիմնադրամի շուրջ հյուսված կեղծ ինֆորմացիոն աղմուկին վերջ դնելու համար։ Այսօր մեծ շուքով և լրատվական աղմուկով իրականացվող ասֆալտապատման աշխատանքները, որոնք չեն հանդիսանում կապիտալ շինարարություն, այլ՝ վերանորոգում, կատարվում են Քոչարյանի ղեկավարության տարիներին կառուցված ճանապարհների վրա։ Երկրի՝ որպես միասնական օրգանիզմի կենսունակության համար ամենակարևոր պայմաններից է տարբեր իշխանությունների օրոք կատարվող աշխատանքների շարունակականությունը։ Նախկինում արվածը գնահատելը հաջորդների համար սեփական աշխատանքը ճիշտ կառուցելու հիմք կարող էր դառնալ։ Փաստը մնում է փաստ՝ Քոչարյանին հաջողվեց փոխել կիսաքանդ երկրի կարգավիճակը՝ այն դարձնելով շատ ավելի լուրջ պետություն։ Երկրի շահը պահանջում է հաջորդներից ուղղակի շարունակել գործը, այլ ոչ թե կռվել ուրիշի արածների հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը