05 12 2019

Մեզ համար ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի է, թե ոչ, եթե կովը թրիքի մեջ է. Փաշինյան

Մեզ համար ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի է, թե ոչ, եթե կովը թրիքի մեջ է. Փաշինյան

Փորձը ցույց է տալիս, որ երբ մի որոշում է կայացվում, որն ակնհայտորեն Հայաստանի բովանդակային վարկանիշը բարձրացնելուն է ուղղված, պարտադիր ի հայտ են գալիս փաստարկներ, որ թե ինչ պրոբլեմատիկ երեւույթ է դա, ինչ անհարմարություններ է առաջացնելու: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օրինակ, ասում ես՝ սրանից հետո մենք տեղից տեղ շարժվելու ենք ոչ թե ավանակով, այլ ավտոմեքենայով: Դրանից հետո երաշխավորում եմ, որ վարչապետի անունով հազարավոր նամակներ են գալիս, որտեղ նշում են՝ գիտես ինչ, ավտոմեքենան CO գազ է արտանետում, դա շատ լուրջ պրոբլեմ է Հայաստանի համար: Հետո ասում են՝ ավտոմեքենան վթարներ է բերում, խցանումներ է առաջացնում, այնպես որ, եկեք շարունակենք տեղից տեղ գնալ ավանակով: իհարկե, պրոբլեմներ է բերում, բայց դրա լուծումը ավանակներով տեղաշարժվելը չէ: Հիմա ինքնակառավարվող մեքենաներ են օգտագործում, էլեկտրամոբիլներ են օգտագործում, որոնք այդ հարցերը լուծում են: Բայց ՀՀ-ում չկա իրավիճակ, որ երբ ասես՝ եկեք մեր կյանքի որակը բարձրացնենք եւ չլինի փաստարկ, որ հինն ավելի լավ է: Մենք ունենք երեւույթներ, որ երբ մենք դա անում ենք կյանքի որակը բարձրացնելու համար, բայց մեկ է՝ էլի գլորվում ենք հին տրամաբանությանմեջ մնում ենք»,-ասաց Փաշինյանը:

Նա պատմեց, որ օրերս հեռուստատեսությամբ ռեպորտաժ է դիտել «խելացի անասնագոմերի» մասին եւ նշեց. «Տեսա, որ խելացի անասնագոմում գոմաղբի հաստությունը նույնն է, ինչ ոչ խելացի անասնագոմում, կովերը նույնքան են թաղված թրիքի մեջ, որքան ոչ խելացի անասնագոմում: Այսինքն եթե սա չի բերելու քաղաքակրթության, եթե կենդանին թրիքի մեջ է, մեզ համար ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի է, թե ոչ:

Կամ ուշադրություն դարձրե՞լ եք, որ մեզ մոտ կա կանխավարկած, որ աղբ տեղափոխող մեքենան պետք է կեղտոտ լինի, աղբը կողքից, հետեւից պետք է կախված լինի: Բայց իրականում աղբ տեղափոխող մեքենան պետք է մաքուր լինի: Սրա մասին պետք է բարձրաձայն խոսել»,-ասաց Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ