Panorama.am-ը գրում է․ «Երևի թե ներկայումս ամենից տարածված արտահայտություններից մեկը հետևյալն է՝ « Ես չեմ հավատում դավադրությունների տեսությանը, բայց․․․»։ Կյանքը ցույց է տալիս, որ կա՛ն այդ դավադրությունները, և որքան մեծ ջանքեր ու ռեսուրսներ են գործի դրված լինում, այնքան դրանք կենսունակ ու ազդեցիկ են լինում։
Օրինակ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող 4 միլիարդի շուրջ հյուսված դավադրությունը։Նոյեմբերի 10-ին 5-րդ ալիքով ցուցադրվեց ֆիլմ-հետաքննություն ՝ ՀՀ երկրորդ նախագահի 4 միլիարդի առասպելի վերաբերյալ, անդրադառնալով այն հարցերին, թե ինչպես և ովքեր ստեղծեցին առասպելը։
Ֆիլմը լի էր շատ կարևոր բացահայտումներով, հատկապես՝ տարիներով եփված դավադրության մասնակիցներից յուրաքանչյուրի «ներդրած լուման» ներկայացնելու առումով։ Գլխավոր հերոսն անշուշտ Լևոն Տեր-Պետրոսյանն է։
Ակամա պատկերացրեցի այն նոթատետրը, որտեղ Տեր-Պետրոսյանն արձանագրում էր իր զգացած ամենաչնչին վիրավորանքներն անգամ։ Այդ մասին գրել է Ռոբերտ Քոչարյանն իր «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գրքում (հայերեն 289 էջ, ռուսերեն 258 էջ)։
Փաստորեն, ճիշտ դուրս եկան բոլոր այն կասկածները, որ քինախնդրությունն ու հայատյացությունն են միշտ եղել Լևոն Տեր-Պետրոսյանի կյանքի ստիմուլները, իսկ ֆիլմից հետո մնում է այն համոզմունքը, որ հենց նա է կանգնած Անկախ Հայաստանի ձախողումներից շատերի ակունքներում։ Նա և իր տարբեր որակի համախոհները՝ քաղաքական, օլիգարխիկ, հոգեշեղված, օտարասեր շրջանակներից․․«4 միլիարդի առասպելը» ֆիլմում ներկայացված էր խայծը մոգոնելու-մեդիա դաշտ գցելու- անընդհատ կաթեցնելու- օխլոսի ենթագիտակցության մեջ «մեծ թալանչու» կերպարը վառ պահելու շղթան։
Առանձին-առանձին իրենց կատարած դերերով ներկայացված են նաև դրանում ներգրավված անձինք՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան, Խաչատուր Սուքիասյան, Լևոն Զուրաբյան, ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչ (2008-2011 թթ.) ,Սմբատ Կարախանյան․․․
Վերջինիս մատուցմամբ, 2010թ․ հունվարի 30-ին, ռուսական «Վերսիա» պարբերականում առաջին անգամ հրապարակ նետվեց « Հայաստանը թալանողների» մասին նյութը, որը մոտ ապագայում դարձավ այն տարիների ընդդիմադիր մամուլի, հատկապես փաշինյանական «Հայկական ժամանակի» բերանի ծամոնը։ Տարբեր երկրներում բազմիցս փորձված մեթոդը հաջողությամբ կիրառվեց Հայաստանում։
Ի դեպ, 4 միլիարդի խայծն, ամենայն հավանականությամբ, առաջին անգամ հրապարակ է նետվել դեռ 2008-ի նախամարտիմեկյան հանրահավաքների ժամանակ։ Խրոնիկան վկայում է, որ փետրվարյան առաջին հանրահավաքներից մեկի ժամանակ Լ․Տեր-Պետրոսյանը բառացիորեն ասել է՝ « ․․․․միայն վերջին 5 տարիների ընթացքում նա (Ռ․Ք.) և նրա կառավարությունը գողացել են երկրին և ժողովրդին պատկանող 4 միլիարդ դոլարից 3 միլիարդը․․․» ։
Բուն նյութից չշեղվելու համար պարզապես արձանագրենք հնչեցրած մեղադրանքը՝ առանց անդրադառնալու ԼՏՊ-հհշական վայրի թալանին հաջորդած քոչարյանական վերականգման տարիների համեմատությանը։ Հիշո՛ւմ ենք, չե՛նք մոռացել, որ իրական թալանը կատարվեց հենց անկախացման առաջին տարիներին։Ֆիլմը նայե՛լ է պետք․․․
Նախ հաստատվեց, որ չկան այդ 4 միլիարդները։ Ցանկացած խելամիտ մարդ այսօր, առնվազն ինքն իրեն կխոստովանի, որ թե այդ գումարի կեսի կեսն էլ հայտնաբերած լինեին, ապա 2018-ից իշխանական լծակներն ամբողջովին իր խնդիրներին ծառայեցնող Փաշինյանը հիմա տրակտորով անցած կլիներ նույնիսկ Քոչարյանին բարևածների վրայով։
Անկեղծ ասած, խիստ կասկածում եմ, որ ֆիլմի մեկանգամյա դիտումը կարող է սասանել տարիներով մարդկանց ուղեղներում մեխած միֆը․․․ եթե իհարկե մարդ հենց ինքը չուզենա պարզել ճշմարտությունը։ Օրինակ, ինֆորմացիայի րոպեական հասանելիության այս դարում կարելի ճշտել , թե «Ֆորբս»-ում աշխարհի հարուստ հայերի շարքում Ռոբերտ Քոչարյանը երբևէ հիշատակվե՞լ է։ Իհարկե ո՛չ։ Առնվազն զարմանալի է, որ հատկապես երիտասարդները զլանում են դրա վրա երկու-երեք րոպե վատնել։
Ֆիլմը միֆազերծում է 4 միլիարդի առասպելը, ինչպես որ վերջին 17 ամիսները ցույց տվեցին, որ Ռոբերտ Քոչարյանը չէ՛ մարտի 1-ի մահերի մեղավորը։ Որպես ՀՀ նախագահ նա կատարել է Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքը՝ հայտարարելով արտակարգ դրություն և կանխելով հետագա արյունահեղությունը։ Տեսե՛լ ենք։ Հիշո՛ւմ ենք։Բայց հիմա ենք խորությամբ գիտակցում, որ փաստորեն 2008-ի մարտին նա կասեցրեց պետական հեղաշրջման փորձը, որի երկրորդ գրոհն ավելի լավ կազմակերպելու համար 10 տարի նախապատրաստվեցին ներքին ու արտաքին ավերիչները՝ երբեք չներելով նախագահ Քոչարյանին առաջին մեծ պարտությունը։Տասնամյակներով Ռոբերտ Քոչարյանին վարկաբեկող երկու մեծ առասպել ջուր դարձան․․․ Հետաքրքիր է, ներողություն խնդրող լինելո՞ւ է, թե դարձյալ շարունակվելու է լևոնա-նիկոլական «Պողո՜ս, Պողոս ջան, աչքովդ տենաս՝ չհավատաս» անեկդոտանման ընթացքը։
Լիա Իվանյան,հրապարակախոս
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը