02 11 2019

Զարուհի Բաթոյանի «ստամբուլյան» աճպարարությունները. Գագիկ Համբարյան

Զարուհի Բաթոյանի «ստամբուլյան» աճպարարությունները. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ 

«Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով հանրության ուշադրության կիզակետում հայտնվեց, երբ համայն հայությանը բավական մանրամասն ներկայացրեց իր սեռական կյանքը, հիմա էլ պարզվում է, շատ արդարամիտ և խոստումները կատարող անձ է։ Այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս տիկին Բաթոյանը անդրադարձել է տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը ԱԺ-ում։

 

Ինձ համար բացարձակ նորություն չէր, որ մանկատները և ծերանոցները փակող, բայց մանուկների և ծերերի խնդիրներն իրականում չլուծող նախարարը կողմ է այդ կոնվենցիայի վավերացմանը։ Բայց զարմանալին այն էր, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը տիկինը բացատրում էր մեր կառավարության իբր թե ստանձնած պարտականություններով։

«ՀՀ կառավարությունը ստանձնել է մարդու իրավունքների հանդեպ իր պատրաստակամությունը, ստորագրել են, և հիմա պետք է վավերացնի»,- խրոխտ հայտարարել է տիկին Բաթոյանը։

Հետաքրքիր է, տիկինն իրոք միամի՞տ է, թե՞ միամիտ է ձևանում։ Ո՞վ է տիկին Բաթոյանին ասել, որ եթե ինչ-որ փաստաթուղթ ստորագրում ես, ապա անպայման դա պետք է վավերացնես։ Որքան հասկանում եմ, ինչպես դիլետանտ կառավարիչ եղել էր, այնպես էլ այս 1,6 տարվա մեջ որևէ բան չի սովորել։

Տիկին Բաթոյանին հիշեցնեմ, որ միջազգային պրակտիկայում շատ վաղուց ընդունված է, երբ, պահից դուրս գալով, որևէ պետություն ինչ-որ փաստաթուղթ է ստորագրում, իսկ հետո էլ այն չի վավերացնում։ Օրինակ՝ նույն ԱՄՆ-ն, որն Առաջին աշխարհամարտից հետո ակտիվ մասնակցում էր Վերսալյան համակարգի ստեղծմանը, հետագայում չվավերացրեց դրա մեջ մտած որևէ պայմանագիր։ Կամ 2009 թ․-ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Ցյուրիխում ստորագրեցին հայտնի հայ-թուրքական արձանագրությունները, որոնք Անկարայի պատճառով մնացին թղթի վրա։ Ընդամենը երկու օրինակ եմ բերել։ Կարող եմ հարյուրավոր օրինակներ բերել, թե ինչպես տիկին Բաթոյանի կողմից ժողովրդավար համարվող տասնյակ երկրներ տասնամյակներով չեն վավերացնում իրենց կողմից ստորագրված միջազգային պայմանագրերը, կոնվենցիաները և այլն։

Եթե տիկին նախարարը ցանկանում է, որ այդ կոնվենցիան վավերացվի, ավելի լավ է՝ մի այլ բան հնարի և չփորձի այն պայմանավորել նրանով, որ ժամանակին այն ստորագրվել է, և իր տկարամիտ կարծիքով՝ իբրև թե պաշտոնական Երևանը պարտականություններ ունի այն վավերացնելու։ Ժամանակին, ինչպես եվրոպական 11 երկրներ, որոնք Հայաստանի հետ միասին ստորագրել, բայց մինչև հիմա չեն վավերացրել այն, այնպես էլ պաշտոնական Երևանը ևս կարող է այն չվավերացնել։

Տիկին Բաթոյանը լավ կլինի՝ իր պարտականությունները պատշաճ կատարի և քիչ հայտնվի սկանդալային պատմություններում, քանի որ իր հարազատ քաղաքական ուժը, որն արդեն 1,6 տարի ղեկավարում է երկիրը, իր գրեթե ոչ մի խոստում չի կատարել՝ բացի նրանից, որ սուպերբարեկեցիկ է դարձրել տիկին Բաթոյանի և նրա դիլետանտ գործընկերների կյանքը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ