Panorama.am-ը գրում է․
««Մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու Երկիր մեդիա հեռուստաընկերությունների և այլ քարոզչամիջոցների առջև փակ է: Սույն լրատվամիջոցներին ներկայացնող լրագրողները, տեսախցիկները դուրս են հանվելու դահլիճից»։ Այսօր նախատեսված քննարկման անոնսն այս սպառնալիքով է տարածել քաղաքագետ, նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը։
Հայտարարությանն առաջինն արձագանքեցին ԶԼՄ-ները, նրանցից մի քանիսը գործընկերային համերաշխությունից ելնելով կբոյկոտեն «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկումը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը Panorama.am-ին ասաց՝ հայտարարություն են պատրաստում, կտարածեն ավելի ուշ։ Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը Panorama.am-ի հետ զրույցում միանգամայն անընդունելի համարեց լրատավիջոցներին այդպես տեսակավորելը և խտրականություն սահմանելը հատկապես այն կազմակերպության՝ ՄԱՀՀԻ-ի կողմից, ուր ինքը քանիցս հաճույքով հյուրընկալվել է:
«Սա դեմ է բազմակարծության ապահովմանը և խոչընդոտ է լրագրողների մասնագիտական աշխատանքին: Իհարկե, ՄԱՀՀԻ-ին ազատ է որոշելու, թե ում հրավիրի կամ ոչ, ի վերջո, ցանկացած կառույց կարող է նաև փակ, չլուսաբանվող քննարկումներ անել, սակայն որոշակի ԶԼՄ-ների արգելել մուտք գործել քննարկմանը՝ անընդունելի է: Մանավանդ որ, ՄԱՀՀԻ-ն ԱՄՆ-ից ֆինանսական հատկացումներ է ստանում նաև Հայաստանում ժողովրդավարության կայացման համար»,-ասաց Նարինե Մկրտչյանը։
Մամուլի ազգային ակումբի նախագահի խոսքով, Հայաստանում հասարակական մթնոլորտը պետք է փոխել, քանի որ հասարակական կարծիքի, հասարակության բևեռացումը վատ ուղեցույց է ժողովրդավարական պետության, ազատ հասարակության կայացման համար:
«Հայաստանում պետք է բազմակարծություն ապահովվի. մենք տեսել ենք ոչ հեռու անցյալում, թե ինչպես են ԶԼՄ-ները. լրագրողները իշխանությունների կողմից բաժանվում յուրայինների և թշնամիների: Սա չպետք է կրկվի: Սա միանգամայն անընդունելի է»,-ընդգծեց Մկրտչյանը։
Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, ով նաև 168.am-ի խմբագիրն է, Panorama.am-ի հետ զրույցում ասաց, եթե նույնիսկ իր խմբագրած լրատվամիջոցն այդ ցանկում չլիներ, միևնույն է՝ ինքը դատապարտելու էր նման վերաբերմունքը։ «Սա առաջին դեպքը չէ, մեկ ու կես տարի է՝ մենք ականատես ենք լինում, թե լրագրողներին, ինչպես նաև ողջ հասարակությանը, բաժանում են սևերի ու սպիտակների։ Հիշենք, որ լրատվամիջոցների ցանկ էին կազմել ու պաշտոնյաները, իշխանական պատգամավորներն իրենց հետևորդներին հրահանգում էին, թե ինչը կարդալ, ինչը չկարդալ։ Կամ ինչպես հիշում եք, Նիկոլ Փաշինյանը լայվ էր մտել ու հայտարարում էր, որ լրատվամիջոցների 90 տոկոսը նախկին իշխանությունների հովանավորության ներքո են։ Սա էլ այդ տրամաբանության մեջ է տեղավորվում։ Ցավոք, նման շահարկումների առարկա են դառնում նաև նման թեմաները, որոնք հետաքրքրում են հասարակության լայն զանգվածներին»,-ասաց նա։ Միության նախագահն ընդգծում է, որ քննարկման մասնակից բանախոսների կարծիքը որևէ մեկի համար նորություն չէր լինելու, նույնիսկ սկսնակ լրագրողը կարող է ասել, թե այդ բանախոսներից որ մեկն ինչ կարող է ասել հոկտեմբերի 27-ի մասին, ավելին, կարող է նշել, թե մինչև հեղափոխություն նրանք ինչ կարծիք են ունեցել, իսկ հեղափոխությունից հետո ինչպես է այն փոփոխվել։ «Սա դատապարտելի երևույթ է, ոտնձգություն է ժողովրդավարական արժեքների, խոսքի և մամուլի ազատության նկատմամբ, այն պետք է դատապարտվի։ Ես ուրախ եմ, որ իմ գործընկերներից շատերը հայտարարել են, որ չեն մասնակցելու այդ քննարկմանը»,-ասաց Սաթիկ Սեյրանյանը։ Panorama.am-ի գլխավոր խմբագիր Անահիտ Ոսկանյանն էլ նկատեց՝ ու թեև Panorama.am-ը չի տեսնում իրեն նշված և ոչ խմբում, նման անհարգալից մոտեցումը մարդկանց, լրատվամիջոցներին և իրավիճակին գնահատելով ոչ հարիր, մանավանդ՝ Հանրային խորհրդի անդամին, թույլ է տալիս անտեսել այս և նման հայտարարություններով զուգահեռվող «միջոցառումները»։ Քննարկմանը հրավիրված Անահիտ Բախշյանը հայտարարել է, որ քննարկմանը մասնակցել չի կարող, քանի որ ԱՄՆ-ից ժամանած քույրերի ու եղբոր հետ քաղաքից դուրս է եկել։ «ՄԱՀԻԻ-ի տնօրենը Ստեփան Սաֆարյանն է, ինքն է որոշում քննարկման ձևաչափը, իսկ ԶԼՄ-երի ներկայացվածության հարցով՝ համամիտ չեմ»,-նշել է Բախշյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը