ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ։ Այս մասին հայտնում է Ազգային ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Շնորհավորելով Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ մարտահրավերներին դիմակայելու եւ լուծումներ փնտրելու ճանապարհին Հայաստանը շարունակելու է ապավինել Եվրոպայի խորհրդի աջակցությանը։ ԱԺ նախագահը նշել է, որ այս տարվա մարտ ամսին Երեւանում կայացած իրենց հանդիպումից ի վեր Հայաստանը մի շարք հաստատակամ քայլեր է կատարել դատաիրավական բարեփոխումների օրակարգի շրջանակներում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ազգային ժողովի նախագահը նաեւ նշել է, որ Հայաստանի խորհրդարանն այժմ ձեռնամուխ է եղել Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի բարեփոխմանը։
Լիլիան Մորի Պասքիեն, ողջունելով Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունն իրենց միջազգային պատավորությունների կատարման ճանապարհին, իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին։ Լիլիան Մորի Պասքիեի խնդրանքով Արարատ Միրզոյանը նաեւ անդրադարձել է Հայաստանի կողմից կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը կանխելուն ուղղված գործընթացին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը