03 09 2019

Արթուր Աղաբեկյան. Պատերազմի, զինվորական ու քաղաքական պաշտոնները թողնելու մասին



Սեպտեմբերի 2-ին տոնում ենք Արցախի Հանրապետության անկախության 28-ամյակը։

1991 թվականի այդ օրը Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որն ընդունեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որին մասնակցեց բնակչության 80 տոկոսը և գրեթե միաբերան կողմ քվեարկեց անկախությանը։ Անկախության հռչակմանը զուգահեռ շարունակվում էր պատերազմը Ադրբեջանի դեմ։ Ի վերջո, 1994 թվականին նաև կնքվեց զինադադարը։

Անկախության հռչակումն ու պատերազմում Ադրբեջանի պարտությունը եղավ մեր հերոսների շնորհիվ։

Անկախության 28-ամյակի առթիվ փորձել ենք թերթել պատմության հերոսական այդ էջը՝ Հայաստանում և Արցախում հարցազրույցներ կազմակերպելով Արցախի հերոսների հետ։

Yerevan Today-ը ներկայացնում է հարցազրույց Արցախի հերոս, Արցախի նախկին փոխվարչապետ ևԱրցախի նախագահի նախկին խորհրդական Արթուր Աղաբեկյանի հետ:

Արթուր Աղաբեկյանը ծնվել է 1963 թվականի նոյեմբերի 24-ին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում:

1986թ. ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ ինժեներ-էլեկտրատեխնիկի մասնագիտությամբ: 1982-1986թթ. ուսման հետ զուգընթաց, աշխատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրական մեքենաների ամբիոնում՝ որպես լաբորանտ: 1986-1988թթ. եղել է «Հայգյուղմեքենայացում» գիտաարտադրական միավորման գիտական աշխատող: 1988-1991թթ. աշխատել է Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանի Հադրութի մասնաճյուղում՝ որպես արտադրամասի պետ: 

1988-1994թթ. Արթուր Աղաբեկյանը գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին: 1991թ. եղել է Հադրութի շրջանի կամավորական ջոկատների համակարգող, պաշտպանական շրջանի առաջին հրամանատարը: 1992թ. նշանակվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի խորհրդական: 1992-1996թթ. եղել է ԼՂՀ ՊԲ առաջին պաշտպանական շրջանի հրամանատար: 1996-1997թթ. եղել է ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ: 1997-1999 թթ. եղել է ՀՀ զինված ուժերի հարավ-արևելյան բրիգադի հրամանատար:

1999թ. հուլիսին նշանակվել է ԼՂՀ ներքին գործերի նախարար, մեկ ամիս անց՝ ՀՀ կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրման վարչության պետ: 2000-2007 թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ: 2007թ. ընտրվել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր՝ ՀՅԴ համամասնական ցանկով, եղել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը:

2012-17թթ. զբաղեցրել է ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնը: 2017-19թթ. եղել է Արցախի նախագահի խորհրդականը:

Արթուր Աղաբեկյանն Արցախի հերոս է, գեներալ-լեյտենանտ: 2006թ. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Ռազմական համագործակցություն» մեդալով: 2007թ.  պարգևատրվել է ԱՄՆ Կանզաս նահանգի «Ազգային գվարդիայի բարձրագույն պարգև» շքանշանով: 2011թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճան և ահլ մեդալներով ու շքանշաններով:

Արթուր Աղաբեկյանի հետ զրուցել ենք մինչ Արցախյան շարժումը ստեղծված իրավիճակի, Շարժման, պատերազմի, ամենահիշարժան մարտական դրվագների, հետպատերազմյան շրջանում գործունեության, Հայատանում ու Արցախում պաշտոնավարումների, Արցախի հերոս կոչումը ստանալու, գործարարության և այլնի մասին:

«Որպես կրտսեր գիտաշխատող, մտածում էի այդպես կյանքս կառուցել, մոտակա 20-25 տարիներին կյանքս պլանավորել էի, բայց… Ղարաբաղյան շարժում ու կտրուկ փոփոխություն: Օգոստոսի 8-ին վերջնականապես նստել եմ ինքնաթիռ, ցտեսություն ասել իմ աշխատատեղին, ընկերներին, ասել եմ, որ այլևս ետ չեմ նայելու, վերդառնում եմ Արցախ»,- հիշում է Արցախյան շարժման մեկնարկը:

«Մեր գյուղում ամոթալի բան էր կամ Արցախում, որ մարդն առողջության համար բանակից ավզատվի: Չէր կարողանա ամուսնանալ: 80-ամյա մարդը դժգոհում էր, թե ինչու իրեն չենք ընդգրկել գործողությունների մեջ»,- ասում է Արթուր Աղաբեկյանը:

Բանակը վերջնականապես թողնելու վերաբերյալ ասաց հետևյալը. «Ռազմական գործողությունների ավարտից հետո, երբ բանակի կառավարման ՝ Հայաստանում ձևավորված ուղղահայաց մոդելը տարածվեռց նաև Արցախում, ես հասկացա, որ բանակն իմ տեղը չէ: Հայաստանում տեղի ունեցած 1996 թվականի ընտրությունների արդյունքները և բանակի մասնակցությունն ընտրություններին, անընդունելի էր ինձ համար ու որոշեցի թողնել բանակը՝ մտածելով, որ այլևս չեմ վերադառնա»:

«Հիմարություն են բոլոր այն քաղաքական մտքերը, թե Արցախի խնդիրը պետք է լուծել, որ Հայաստանում քաղաքացին լավ ապրի, երկիրը հզոր լինի: Չունենանք Արցախը, չենք ունենալու Հայաստանը: Արցախյան շարժումը մեր լինելիության դրոշն է, և այս շարժումը չի ավարտվելու այն օրը, երբ ԼՂ Հանրապետությունը ստանա միջազգային ճանաչում կամ Ղարաբաղը միանա Հայաստանին»,- ասում է Արցախի հերոսը:

Ուշագրավ զրույցը՝ տեսանյութում:

Արցախի հերոս, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մասնակցությամբ նախորդ թողարկումը՝ այստեղ

Արցախի հերոս, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի հետ զրույցը՝ այստեղ:

Արցախի հերոս, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ հարցազրույցը՝ այստեղ:  

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ հարցազրույցը՝ այստեղ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ