168.am-ը գրում է.
«Օգոստոսի 26-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում քննարկման ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի` փաստաթղթով ամրագրված ռազմավարական նպատակներն են՝ էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծումը, տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովումն ու արդիականացումը, անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդումը, սահմանադրական բարեփոխումների անցկացումը և մի շարք այլ հարցեր:
Հետաքրքրական է, որ փաստաթղթում առանձին գլուխ է նվիրված անցումային արդարադատությանը, որի վերաբերյալ խոսակցությունները, կարծես թե, վերջին շրջանում լռել էին։
Այսպես` նշվում է, որ Հայաստանում անցումային արդարադատության գործիքակազմն իրագործվելու է հետևյալ շրջանակներում՝ հավաքել մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների (այսուհետ նաև՝ Խախտումներ) վերաբերյալ փաստեր առնվազն հետևյալ ոլորտներում՝ 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներ, 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ և այլն։
Բացի դրանից, ըստ այդ նախագծի՝ «1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած Խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման համար 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կձևավորվի Փաստահավաք հանձնաժողով, որը կլինի արտադատական, անկախ մարմին, և որում ներկայացված կլինեն հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք՝ ապահովելով հասարակության տարբեր սոցիալական խմբերի ներկայացվածությունը: Հանձնաժողովը կազմավորվելու է օրենքով, որով սահմանվելու են դրա կազմավորման կարգը, նպատակները, գործունեության ուղղությունները, լիազորությունները, զեկույցի կազմման առանձնահատկությունները և այլ հարցեր:
168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալ կարգավորմանը, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ դատելով առաջարկվող նախագծի այս հատվածից` այսքան տարի անց փաստորեն կվերականգնվի պատմական արդարությունը, և Վազգեն Մանուկյանը կզբաղեցնի Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:
«Խոսքը վերաբերում է նրան, որ կառավարությունն իմ խորին համոզմամբ՝ անկանոն շարժումներով բուռն գործունեության թվացյալ իմիտացիա է ստեղծում, որտեղ որևէ բովանդակություն չկա: Սա վկայում է այն մասին, որ անցյալի ուրվականից ազատում չկա, ու, որ ապագային միտված ոչինչ չկա։ Ուզում եմ հասկանալ. այդուհանդերձ ի՞նչ է նշանակում՝ 1991թ.-ից սկսված` երկրում ոչ միայն ընտրախախտումների, այլև բազմաթիվ այլ իրողությունների մասին, որոնց մասին, ի դեպ, փայլուն պատմական, փաստական և ինստիտուցիոնալ հիշողություն կունենան նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները, տեղեկություններ հավաքելը, և ամենակարևորը՝ ի՞նչ են անելու իրենք ստացված տեղեկությունների հետ: Միայն բարձրաձայնելո՞ւ են այդ մասին, թե՞…»,- նշում է արդարադատության նախկին նախարարը:
Վերջինս շեշտում է, որ չի հասկանում նպատակը և ցավում է, որ երիտասարդ իրավաբանների մի խումբ «ենիչերիի» հոգեբանությամբ կատարում է այն ամենը, ինչ հանձնարարված է` բացարձակապես չհասկանալով դրա նպատակը:
«Բայց եթե, ինչպես իրենք են նշել, հատուցում են տալու կամ վերականգնելու են խախտված իրավունքները, ապա Վազգեն Մանուկյանը 1996թ. ընտրությունների վերաբերյալ, իհարկե, հետաքրքիր փաստեր կներկայացնի, և ես կարծում եմ, որ, եթե այսպիսի բան են սկսել, ապա գործիքակազմը պետք է լինի բավականին գործուն: Այսինքն` կարելի է շատ արագ կերպով շրջել պատմության անիվը և վերականգնել պատմական արդարությունը»,- եզրափակեց Արփինե Հովհաննիսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը