15 06 2024

Գրիգոր Մինասյանը չի տիրապետում նախարարության գործունեությանը, թքած ունի․ նախկին տեղակալ․ 168.am

Գրիգոր Մինասյանը չի տիրապետում նախարարության գործունեությանը, թքած ունի․ նախկին տեղակալ․ 168.am

168.am—ը գրում է․

Օրերս, իսկ ավելի ստույգ՝ հունիսի 10-ին, արդարադատության նախկին փոխնախարար Արա Մկրտչյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ: Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից, հիշեցնենք, Արա Մկրտչյանն ազատվել է այս տարվա ապրիլի 10-ին:

Նոր պաշտոնում նշանակվելու ուրախալի առիթն ընկերական միջավայրում տոնելիս, 168.am-ի տեղեկություններով՝ նա իր մերձավորների շրջապատում չափազանց վատ է արտահայտվել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հասցեին:

Արա Մկրտչյանն ասել է, որ Մինասյանը չի տիրապետում նախարարության գործունեությանը, թքած ունի նախարարության վրա, որ նա երկար չի ձգելու՝ որպես նախարար։ Ասել է նաև, որ Արդարադատության նախարարությունից դուրս են եկել գրեթե բոլոր պրոֆեսիոնալ կադրերը, նոր, բարձր որակավորում ունեցող մարդիկ չեն ցանկանում աշխատել Գրիգոր Մինասյանի հետ։

Տարօրինակ է, իհարկե, որ Մկրտչյանն իրեն էլ է դասում պրոֆեսիոնալների թվին, բայց ինչևէ: Նկատենք, որ մենք ժամանակին գրել էինք արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանի մասնագիտական ու պրոֆեսիոնալ որակների մասին. այս մարդուն վստահված էին մասնավորապես քրեական օրենսդրության մշակման և թվայնացման աշխատանքները:

Վերադառնանք, սակայն, Արա Մկրտչյանի անկեղծության երեկոյին…

Արդարադատության նախարարության բարոյահոգեբանական մթնոլորտի մասին խոսելով՝ Արա Մկրտչյանն ասել է՝ Մինասյանն անգամ իր տեղակալներին չի կարողանում ինչ-որ բան «ասել», ինչ-որ հրահանգներ տալ, առավել ևս՝ պատասխաններ կամ հաշվետվություններ պահանջել:

Պատմել է նաև, որ Արդարադատության նախարարությունից իր դուրս գալու հիմնական պատճառն իր և մյուս փոխնախարար Կարեն Կարապետյանի միջև առաջացած աշխատանքային կոնֆլիկտն է եղել, որին Մինասյանը չի կարողացել լուծում տալ:

Ըստ Մկրտչյանի՝ Արդարադատության նախարարությունից զզված է նաև փոխնախարար Արմենուհի Հարությունյանը, որը նույնպես շուտով կհեռանա, ինչպես նաև իր մի շարք վարչության պետեր, որոնք ևս հոգնել են նախարարության գործելաոճից։

Արդարադատության նախկին փոխնախարարը նաև ասել է, որ Արդարադատության նախարարությունը մեծ մասամբ զբաղված է Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ) սպասարկելով, ԲԴԽ հրահանգները կատարելով, ԲԴԽ-ի համար նախագծեր գրելով, ինչն անզեն աչքով տեսանելի է կողմնակի դիտորդի համար՝ հաշվի առնելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի աշխատանքային, բիզնես և անձնական հարաբերությունների բնույթը:

Արա Մկրտչյանը հատուկ շեշտել է, որ, ի տարբերություն Գրիգոր Մինասյանի, Հակոբ Սիմիդյանը կարգին տղա է, խոսքն էլ խոսք է, ու Սիմիդյանի հետ իրեն ավելի հեշտ կլինի աշխատել։

Հիշեցնենք՝ 168.am-ը գրել էր, որ Արա Մկրտչյանին Արդարադատության նախարարություն էր «գործուղել» Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանը: Նրա նշանակումն արդարադատության փոխնախարարի պաշտոնում ի սկզբանե Գրիգոր Մինասյանի սրտով չի էլ եղել. Նրան «հարկադրել են» համաձայնել դրան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ