26 07 2019

«Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում Հանրայինին վերանայել միակողմանի իրազեկման քաղաքականությունը

«Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում Հանրայինին վերանայել միակողմանի իրազեկման քաղաքականությունը

Հունիսի 20-ից հուլիսի 25-ը հանրայինի տաղավարում Պետրոս Ղազարյանի գրեթե բոլոր հյուրերը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ են եղել։ «Իմ Քայլը»-ից՝ Մխիթար Հայրապետյան, Հերիքնազ Տիգրանյան, Հայկ Կոնջորյան, Արտակ Մանուկյան, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյան, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան, ՊՎԾ ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյան, Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայան, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյան, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների միգրացիայի ծառայության պետ Արմեն Ղազարյան, Անվտանգության խորհրդ քարտուղար Արմեն Գրիգորյան, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան, ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյան, նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյան։

Այս ժամանակահատվածում հիմնական շեշտադրումը եղել է դատական համակարգի վրա։ Այս մասին են խոսել տաղավար հրավիրված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, պատմաբան, մանկավարժ Վահրամ Թոքմաջյանը, փաստաբան Կարապետ Բադալյանը։ Բոլորի կարծիքները համընկնում էին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի, ՍԴ նախագահի հրաժարականի անհրաժեշտության կոնտեքստում։ Վահե Գրիգորյանի գործողությունները գովաբանվում էին, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանինը՝ քննադատվում։ Պետրոս Ղազարյանը հարցադրումներում փորձում էր հավասարակշռությունը պահել՝ հակադիր հարցեր ուղղելով, մինչդեռ հյուրերը միակարծիք էին այս հարցում, ինչը հեռուստադիտողի մոտ կարող է տպավորություն թողնել, թե հանրությունը այս հարցում պաշտպանում է իշխանության մոտեցումները։ 

Հ1-ի քաղաքական-լրատվական հաղորդումները, ըստ էության, մաս են կազմում սահմանադրական դատարանի և նրա նախագահի լեգիտիմությունը կասկածի տակ դնելու իշխանությունների ձեռնարկած քարոզչական արշավի։  «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կրկին կոչ է անում Հանրային հեռուստաընկերությանը վերանայել միակողմանի իրազեկման քաղաքականությունը, ներկայացնել հասարակության մեջ գոյություն ունեցող բոլոր կարծիքները, ի վերջո, հանրայինը գոյատևում է հենց նրանց միջոցներով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ