14 03 2024

Վարչապետի տիկինը «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն է նշանակվել

Վարչապետի տիկինը «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն է նշանակվել

Մարտի 13-ին և 14-ին տեղի է ունեցել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի երկու արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի և գործադիր տնօրենի փոփոխության հարցերը:

Մարտի 14-ի նիստում քննարկվել է հիմնադրամի գործադիր տնօրենի փոփոխության հարցը: Հոգաբարձուների խորհրդի նախագահի առաջարկությամբ և խորհրդի մյուս անդամների միաձայն որոշմամբ Հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Աննա Հակոբյանը:

Աննա Հակոբյանը, մինչև հիմնադրամի գործադիր տնօրեն նշանակվելը, սեփական դիմումի համաձայն դուրս էր եկել Հոգաբարձուների խորհրդի կազմից և այդպիսով նաև թողել էր խորհրդի նախագահի պաշտոնը:

«Մխիթար Հայրապետյանի նախարար նշանակվելուց հետո «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ծրագրերի անխափան իրագործումը և հիմնադրամի հետագա բնականոն գործունեությունն առավել արդյունավետ ապահովելու համար անհրաժեշտ է, որ ստանձնեմ հիմնադրամի գործադիր տնօրենի պարտականությունները՝ թողնելով Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը և դուրս գալով Հոգաբարձուների խորհրդից:

Տնօրենի կարգավիճակն ինձ հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ տրամադրել ծրագրերի իրագործմանը և այս մոդելի փորձարկումը հիմնադրամին նոր լիցք տալու նպատակ ունի նաև: Սա մեր գործերի տեսանելիությունը, հաշվետվողականությունն ու թափանցիկությունն ապահովելու լրացուցիչ գործոն կդառնա։

Շնորհակալ եմ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին այս տեսլականը կիսելու, գործադիր տնօրենի կարգավիճակն ինձ վստահելու և Մխիթար Հայրապետյանին՝ հոգաբարձուների խորհրդի նախագահությունը ստանձնելու համար: Ընթացիկ ծրագրերի արդյունավետ իրագործումն ապահովելուն զուգընթաց կփորձենք ռազմավարական նոր ծրագրեր մեկնարկել:

Կրկին շնորհակալություն եմ հայտնում հիմնադրամի բոլոր նվիրատուներին»,- հոգաբարձուների խորհրդի նախագահի և անդամի կարգավիճակը թողնելը և հիմնադրամի տնօրեն նշանակվելը մեկնաբանել է Աննա Հակոբյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ