«Ինձ մոտ այն տպավորությունն է, որ իշխանությունները փորձում են անել լավ, բայց չգիտեն, թե ինչպես: Պետք է կառուցել եղածի վրա, այն պետք է բարեփոխել խորքային և համապարփակ ձևով, սա իրականում պահանջում է տիտանական աշխատանք: Իշխանությունները, կարծես, ուզում են արագ մի լավ բան անել, ձեռի հետ էլ ջղայնանում են Քոչարյանի գործով․ այդպես չի կարելի: Հայտարարություններ են անում՝ այսօր վեթթինգ, վաղը հակակոռուպցիոն դատարան, երրորդ օրը անցումային արդարադատություն, հինգերորդ օրն էլ հրապարակում մա՞րդ կախեն»,- Yerevan Today-ի հետ զրույցում իր մտահոգությունները հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով դատաիրավական ոլորտում իշխանության կողմից տարվող քաղաքականությանը:
Փաստաբանն իշխանություններին կոչ արեց նման նուրբ հարցերում զգույշ գործել:
«Սա հերթական գումարման Ազգային Ժողովը չէ, որ կարելի է մի հնարքով լուծարել և ունենալ նոր ընտրություններ և նոր Ազգային Ժողով»,- ասաց Աթանեսյանը՝ ընդգծելով, որ դատական համակարգը պահանջում է կայունություն:
«Եթե վեթթինգ անեն, ամենաարդար դատավորի դեպքում՝ ո՞ւմ որդին է, ինչքա՞ն գումար ունի և ո՞ւմ ընկերն է, կկախե՞ն, բայց ամենաարդար դատավորն է: Անունը չտամ, բայց ցանկացած փաստաբան հասկացավ, թե ում մասին է խոսքը: Եվ կա դատավոր, որ ոչինչ չունի և ոչնչով աչքի չի ընկել, բայց սպասարկում է դատախազության շահերը: Սակայն այդ դատավորին կպահեն, քանի որ նա հիմա էլ նույնը կանի, և ոչ մի գույք էլ չունի, իր վրա չի գրանցել, այլ քեռու տղայի վրա»,- նկատեց փաստաբանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը