Top-news.am-ը գրում է.
«Կանցնի ևս մի փոքր ժամանակ և դատարկախոսության այս էջն էլ կթերթենք: Իսկ թերթելուց հետո ի՞նչն ենք հիշելու: Մի՞թե միայն Արարատ Միրզոյանի և մյուսների լայվերն ու մտքի թռիչքները կամ դատարանների «ինքնաբուխ» շրջափակումներն ու բռնության կոչերն ու ատելության սերմանումը:
Հետո, իրականում, այս ամենը չի հիշվելու: Որպես կանոն դատարկությունը շատ արագ մոռացվում է եւ ոչինչ չի հիշվում: Հիշվում են կոնկրետ գործերը, մնայուն արժեքները: Բնականաբար լայվերը չեն հիշվելու, բայց հիշվելու և գնահատվելու են Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում արված կոնկրետ գործերը:
Լայվասեր իշխանություններն իրենց հյուրերին անպայման տանում են Հյուսիսային պողոտա, որը կառուցվեց Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ եւ նրա ղեկավարած տարիներին, դիմավորում եւ ճանապարհում Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում Էռնեկյանի ջանքերով ժամանակակից օդանավակայանի վերածված «Զվարթնոցից»:
Վեթինգապաշտ իշխանությունները սիրում են զբոսնել Կասկադում, ժամանակ անցկացնել այնտեղի սրճարաններում, միջոցառումներ անել նույն Քոչարյանի նախագահության ժամանակ հիմնանորոգված օպերային թատրոնի շենքում:
Այս ամենը շատ լավ է, բայց ի՞նչ են ցուցադրելու հաջորդ իշխանությունները մեր հյուրերին: Ի՞նչ են թողնում գործող իշխանությունները: Հաստատ լայվերն ու իրենց մտքի գոհարները հյուրերին ցուցադրելու չեն, հաստատ նրանց ճառերով հյուրերի առաջ չենք կարող հպարտանալ:
Սա է իրականությունը: Առանց ֆեյքերի և լայվերի պարզ իրականությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը