Aysor.am-ը գրում է.
Քաղաքական փորձագետ Ռուբեն Մարգարյանին Հայաստանում ներկայումս ընթացող քաղաքական գործընթացները հիշեցնում են գորբաչովյան տարիները։
Այսօր «Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով քննարկման ժամանակ նա բացատրեց՝ ինչպես. «Այդ նոր քաղաքական մտածողությունը արտաքին հարաբերություններում, ինչ մենք հիմա անում ենք, էդ հրապարակայնությունը Գորբաչովի ժամանակ, այն, ինչ այսօր արվում է սելֆիներով, «լայվերով», տնտեսական հողափոխությունը և այլն։ Իսկապես նմանություններ կան, եթե խորանանք։ Բայց դրա վերջը այդքան էլ լավ չի, էլի»։
Անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հեռանկարներին, նրա խոսքով, դրանք այսօր շատ ավելի լավը կլինեին, քան այսօր է․«Ուզենք-չուզենք, Ռուսաստանն այսօր հզոր պետություն է ու բնական է, որ այդ հարաբերություններից մենք կարող ենք ավելի շատ օգտվել»։
Քաղաքագետը նկատեց, որ նախկին երեք նախագահների կառավարման տարիներին Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները զարգացման նոր ու ավելի լավ փուլ են ապրել։
Ինչպիսի՞ն է այսօր վիճակը. «Այսօր մի այնպիսի իրավիճակ է, որ պետք է պահպանենք այն, ինչ կա։ Եվ եթե կարողանանք պահպանել, այն, ինչ կա, կլինի դրական արդյունք։ Ճիշտ է, հիմա բոլորը, նույնիսկ իշխանությունները հասկանում են, որ Ռուսաստանի հետ հարաբերություննեը կարևոր են Հայաստանի համար։ Բայց դրա հետ մեկտեղ, շատ կարևոր են երկրների ղեկավարների միջանձնային հարաբերությունները, որոնք պետք է լինեն փոխվստահության մթնոլորտի հիման վրա. Եթե այդ փոխվստահությունը կասկածի տակ է դրվում տարբեր հայտարարություններով, ապա դա չի կարող ազդեցություն չունենալ։ Միջանձնային հարաբերությունների խնդիրը մնում է»։
Մարգարյանի դիտարկմամբ, լավ կլինի, որ նոր իշխանությունների մեջ ակտիվանա այն թևը, որը Ռուսաստանի հետ հարաբերությունները ընկալում է ոչ թե ըստ ձևի կամ պաշտոնի, այլ՝ ըստ բովանդակության, ըստ անհրաժեշտության։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը